Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քուրդ երիտասարդները նշում են Տյարնընդառաջը

Հասարակություն
unnamed-76

Ազգությամբ քուրդ Քուբրա Սայիրն իր ընկերների հետ միացել է Սուրբ Աննա եկեղեցու բակում նշվող Տյարնընդառաջի տոնակատարությանը։ Հայաստանում հանգիստն անցկացնող քուրդ երիտասարդներն իրենց օտար չէին զգում. երկու ազգերի տոները բազմաթիվ նմանություններ ունեն։ «Հենց այսպիսի տոն է մեր Նովրուզը, որն ամեն տարի նշում ենք մարտի 21-ին։ Մենք նույնպես ձեզ նման կրակ ենք վառում և հետո թռնում դրա վրայով»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Քուբրա Սայիրը։ Եկեղեցու բակում տոնակատարությունն ուղեկցվեց ազգագրական երգ ու պարով, որից անմասն չմնացին նաև Քուբրան և իր ընկերները։ Սկզբում նրանք սովորում էին պարել ազգագրական պարեր, իսկ հետո փոքրիկ խումբ կազմեցին ու սկսեցին երգել և պարել սեփական ազգային ստեղծագործությունները։ unnamed-77 Արդեն չորրորդ օրը Հայաստանում անցկացնող ուսանողներին երկրի տեսարժան վայրերին ու տոներին ծանոթանալուն չի խանգարում անգամ ցուրտ եղանակը։ «Մենք այսօր եղանք Գառնիում և տեսանք Հայաստանի միակ հեթանոսական տաճարը։ Այն շատ գեղեցիկ էր։ Ես շատ եմ սիրում հին ճարտարապետական կոթողները, բայց այս չորս օրվա ընթացքում սիրեցի հատկապես հայկական ձմեռը»,- ասաց Քուբրան։ Քուրդ երիտասարդները Հայաստանում կմնան ևս մի քանի օր, բայց Քուբրայի խոսքով` հնարավորության դեպքում նորից կվերադառնան Երևան։