Ինչպես տնօրինել ընտանեկան դրամագլուխը
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ այսօրվանից ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլխի օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը, որի համաձայն 2017 թվականի ընթացքում ևս ընտանեկան դրամագլխի գումարը կարելի է տնօրինել նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո։ Քաղաքացիները կարող են օգտագործել նշված գումարը նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի պարբերաբար փոխանցելու միջոցով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը։ 25000-ական դրամը ամսական պարբերականությամբ բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին պետք է ներկայացնի համապատասխան դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը: Մինչև ապրիլի 1-ը դիմելու դեպքում ընտանեկան դրամագլխից 25 000-ական դրամը կարելի է տնօրինել նաև հունվար, փետրվար և մարտ ամիսների համար: Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հիշեցնում է մեր քաղաքացիներին, որ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան`
- 2017 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը.
- դիմելու ամսվա 1-ից՝ եթե դիմումը ներկայացվում է 2017 թվականի ապրիլի 1-ից հետո: