Ինչու Անահիտ Բախշյանը չմիացավ «Երկիր Ծիրանի»-ին (տեսանյութ)
«Ելք» դաշինքի ցուցակով ավագանու ընտրություններին առաջադրված «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին այն մղումով և սևեռուն գաղափարով, որ «Ելք» դաշինքը շատ հաղթական շանսեր ունի կայանալիք ավագանու ըտրություններին : «Թիմը երիտասարդ է, աշխատող և բանիմաց, ուղղակի հաճույք է այդ երիտասարդների հետ աշխատել, ժրաջան, մեղվի պես աշխատում և բծախնդրորեն կատարում են ղեկավարի հանձնարարությունները» ,- ասաց նա: Ա. Բախշյանի խոսքով, ներկայումս «Ելք» -ի թիմը աշխատում է մի ծրագրի վրա, որը ուղղված է կոնկրետ երևանցիների խնդիրների լուծմանը: «Միակ մտահոգությունս այն է, որ երիտասարդները դեռ տնտեսություն կառավարելու փորձ չունեն, բայց տեսականորեն տիրապետում են շատ խնդիրների, ու հուսամ, որ ընթացքում իրենց ձգտումը հմտություն կդառնա»,- ասաց նա: Տիկին Բախշյանը հույս ունի, որ ավագանու գործունեությունը այս ընտրությունից հետո արմատապես կփոխվի, և Երևանի ավագանու դեմքը հասարակությունը կտեսնի ու կհասկանա, թե որքան կարևոր մարմին է ավագանին: «Երևանի ավագանու, քաղաքապետի գործունեությունը վերահսկելու գործառույթը յուրաքանչյուր երևանցի պիտի կարևորի և ուզենա մասնակցել իրեն վերաբերող յուրաքանչյուր որոշմանը»,-շեշտեց նա, հավելելով, որ մինչև բնակիչները չմասնակցեն որոշումների կայացմանը, խնդիրները չեն լուծվի: Այն հարցին, թե ինչու տիկին Բախշյանը ընտրեց հենց «Ելք» դաշինքը նա պատասխանեց. «Հո հանրապետականի հետ չէի՞ գնա»: Իսկ ինչու նա չառաջադրվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից. «Որովհետև Զարուհու բոլոր քայլերին, որոնք տանում էին նոր կուսակցության ստեղծմանը, մասնակից չեմ եղել, անհաղորդ եմ եղել: Ու նա ասում էր, որ ես իրեն հակառակ՝ բծախնդիր չեմ»: