Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանի գործունեությունը՝ ընդդիմադիրների աչքերով (տեսանյութ)

Հասարակություն
taron

Քաղաքապետի աթոռին Տարոն Մարգարյանի պաշտոնավարումը  Երևանի հիմնախնդիրներին լուծում չի տվել։ «Իրենք բյուջեն չեն օգտագործում  ըստ նպատակի, որովհետև բյուջեի 20-30%-ն է ծառայում քաղաքին, մնացածը կոռուպցիոն մեխանիզմներով գնում է ուրիշների գրպանը»,- ասում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Երևանի ավագանու թեկնածու Արտակ Մելիքյանը։ Եթե քաղաքի կենտրոնում նստարաններ են տեղադրվում ու կանաչապատում  արվում, դա չի նշանակում, որ  կյանքի որակն էականորեն բարձրանում է։  «Դա մեզ՝ հասարակ երևանցիներիս ի՞նչ ա տալիս, որ ձեր շենքը 70-ականներից կառուցված լինի ու մի օր ինչ-որ մեկը չի եկել, ձեր շենքի լիֆտը չի նայել, թե կոյուղիները, ինչ վիճակի մեջ ա, ջրի խողովակներն ինչ վիճակի մեջ են, բակը ի՞նչ վիճակի մեջ ա, մեզ ի՞նչ, եթե քաղաքի կենտրոնում մի քանի հատ ծաղիկ են տնկել»,- ասում է ընդդիմադիր ակտիվիստը։ «Երկիր Ծիրանի» կուսակցության՝  ավագանու թեկնածուները  մայրաքաղաքի խնդիրներին ծանոթանում են հենց բակերում։  «Ոչ մի ճանապարհ չունենք, ամբողջ աստիճանները քանդված ա, լույս չկա, գալիս ենք, չգիտենք, ոտքներս գետնին ենք դնում, թե կեղտի մեջ, ու բողոքեցինք, էդ աստիճանները չսարքեցին, մի հատ աստիճանները սարքվի, մի հատ լույս քաշվի, վերջապես՝ մարդ ենք, ապրում ենք»,- ընդդիմադիրներին բողոքում է կոնդեցի մի կին։ Խնդիրների առատությամբ առաջատար է Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը։ Հսկայական այս աղբակույտից տեսարան է բացվում անմիջապես Սարյան փողոցի վրա։  «Քաղաքի կենտրոնում էսպիսի ոչ սանիտարական վիճակ, այսպիսի աղբ, սա անհանդուրժելի է։ Պարզ զգացվում ա, որ ֆինանսական միջոցների փոշիացում ա գնում, որ այսպիսի հարցերը չեն լուծվում»,- ասում է «Երկիր Ծիրանիից» Ջուլիետա Տիգրանյանը։ Կոնդեցի երեխաները կես մանկություն են ապրում, բողոքում է բնակիչներից մեկը։ Բազմիցս քաղաքապետարանին դիմել են  խաղահրապարակ կառուցելու համար, բայց երեխաները ֆուտբոլ շարունակում են խաղալ տանիքներին։  «Երեխեքն էն վիճակում են, որ խփում են էս պատից էն պատը, հերիք չի, գցում են կտուրներին, բարձրանում են կտուրների վրա, վազում են, ինչքա՞ն կարելի ա կտուրին վազել, անձրևը գալիս կաթում ա։ Երեխեքի համար գոնե մի խաղադաշտ ստեղծեն»,- ասում է կոնդեցիներից մեկը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի 6-ամյա գործունեությունը նաև Ելք դաշինքի քննադատության  թիրախում է։ Նիկոլ Փաշինյանի հաշվարկներով՝ չի կատարվել 4-ամյա ծրագրի 70%-ը. «Ընդհանուր գնահատականը համարում եմ անարդյունավետ։ Երևան քաղաքում կան ստրատեգիական խնդիրներ, որոնք ինչպես եղել են չլուծված, այնպես էլ շարունակում են մնալ չլուծված»։ Ինչպես Ելք դաշինքը, այնպես էլ Երկիր Ծիրանին, խոստանում են՝ Երևանում իշխանությունը Հանրապետականից վերցնելուց հետո անճանաչելիորեն փոխել մայրաղաքաքը։