Հատուկ դպրոցի մանկավարժները նոր մրցույթ են պահանջում. նրանք դիմել են Վարչական դատարան (տեսանյութ)
Թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պահանջում է տնօրեն նշանակել օրենքի տառին համապատասխան։ Հունվարից 4 մրցույթ է հայտարարվել, բայց չի կայացել. կամ ԿԳՆ ներկայացուցիչն է վատառողջ եղել, կամ խորհրդի 8 անդամից 3-ը բացակայել է: Ադյունքում, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նոր տնօրենի նշանակման միանձնյա որոշում է կայացրել: «Նոր տնօրենը, ըստ տվյալների, ԿԳՆ օգնական Բագրատ Եսայանի կինն է: Առաջին մրցույթի ժամանակ նա հավաստագիր չի ունեցել, ու այն ստացել է միայն մարտի 30-ին: Ձգձգեցին այս մրցույթները, որպեսզի նա կարողանա ձեռք բերել հավաստագիրը, որպեսզի մասնակցեր ու առանց հաշվի առնելու խորհրդի անդամների ձայները՝ միանձնյա որոշում կայացնեին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժ Նոյեմ Խաչատրյանը: «Մենք մարդկային նորմերը, էթիկայի նորմերը պահպանելով՝ ամեն անգամ համբերատար սպասել ենք հաջորդ նիստին ու չեղարկվել են»,- նկատեց դպրոցի ուսմասվար Մարիետա Ավետիսյանը: Տնօրեն նշանակված Վերգինե Եսայանը 9 տարի եղել է Երեւանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնում՝ որպես փոխտնօրեն: Թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժները չեն թերագնահատում նրա հմտությունները, սակայն ունեն իրենց նախընտրած թեկնածուն: «3 հավակնորդներ ունենք, որոնցից ունենք նաեւ նախընտրած՝ Մինասյան Հայարփին՝ մեր կոլեկտիվի անդամ է, աշխատում է 15 եւ ավելի տարի, մանկավարժությանը մոտ կանգնած անձնավորություն է: Եթե արդար ընտրությամբ երեքից մեկն անցնի, մենք կողմ կլինենք»,- վստահեցնում է Մարիետա Ավետիսյանը: Կեսօրին նախարարությունը պետք է դպրոցի անձնակազմին ներկայացներ նոր տնօրենին, սակայն դա տեղի չունեցավ: ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքով՝ պատճառն այն է, որ տնօրենի պաշտոնակատարը հիվանդանոցում է: «Մի քիչ կոռեկտ չէ՝ մարդը հիվանդանոցում է եւ ներկայացնենք տնօրենի թեկնածուին: Բացի այդ, փոխտնօրեն ներկայացող անձը բացարձակապես հրաժարվեց՝ ասելով, որ չի կարող կազմակերպել կոլետիվի ներկայությունը, որպեսզի ներկայացնենք տնօրենին»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Աշոտ Արշակյանը համամիտ չէ այդ գնահատականների հետ, որ մրցույթը պատշաճ կարգով չի անցկացվել. «Գոյություն ունի հստակ կարգ տնօրենի ընտրության եւ նշանակման, եւ գործընթացը տեղի է ունեցել կարգի համաձայն՝ երկու անգամ քվորում չլինելու պատճառով նախարարն ինքն է նշանակում»: Նախարարության ներկայացուցիչը որոշակի միտում է տեսնում մանկավարժների բողոքի ակցիայի մեջ. «Կարելի է ենթադրել, որ ինչ-որ միտում կա: Խոսքը, կարծում եմ, որ կապված է հավակնորդներից մեկի՝ Մինասյան Հայարփիի հետ, որը նախկին տնօրենի աղջիկն է: Կարծում եմ՝ միտումն այստեղ է»: Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով՝ դպրոցներում տնօրեններ ընտրելու հարցում պետք է բացառվեն ազգակցական կապերը, հովանավորչությունն ու շահերի բախումը: Իսկ թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժական կազմն իրենց պահանջը ներկայացրել են Վարչական դատարան: