Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մտավորականը չպիտի գնա, դահլիճում նստի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azh1111

Իշխանական վերին շարքերում  մտավորականները տարբեր  նպատակներով են հայտնվում։ «Անձնական ամբիցիաներ, դա է շատ մարդկանց մղում դեպի Ազգային ժողով կամ քաղաքապետարան, կամ կառավարության մեջ ինչ-որ պաշտոն զբաղեցնելու»,- ասում է հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։ Մտավորականները պետք է հեռու մնան քաղաքականությունից։ Համոզված է հրապարակախոսը։ Պետության կառավարումն ու քաղաքական հարցերի լուծումը բացառապես գրագետ քաղաքական գործիչների անելիքն է։  «Մտավորականը պետք է ակնդետ հետևի, թե ուր են տանում այս մարդիկ մեր երկիրը, ի՞նչ պետություն ենք կառուցում, և ինքը պետք է տեսակետ ունենա։ Այս է մտավորականության գործը, բայց պիտի չգնա դահլիճում նստի և կառավարական աշխատասենյակներում՝ գործավարուհիով, ծառայողական ավտոմեքենայով, դա մտավորականի գործ չէ»։ Բայց և չի բացառում՝ հայաստանյան իրականությունն է ստիպում արվեստագետներին քաղաքականություն մտնել։ Քաղաքական գործիչները մեծամասամբ չեն փայլում ինտելեկտուալ կարողություններով, մյուս կողմից էլ քաղաքական ուժերն ունեն միտք արտադրող մարդկանց կարիք։  «Հայաստանում, ցավում եմ, չի ձևավորվել քաղաքական այն մտավորականությունը, որ Ազգային ժողովի մեծամասնությունը լինեն այդպիսի մարդիկ։ Օրենսդիր մարմնում ձեռք բարձրացնող, կոճակ սեղմող մարդը պիտի գրագետ լինի՝ կարդացած, տեղյակ, ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ երկրների օրենսդրությունից»,- ասում է Մերուժան Տեր-Գուլանյանը։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի շահերն է ներկայացնում և սպասարկում։ Քաղաքական համակարգն էլ ձևավորված է այդ երկրի ճաշակին համահունչ։ Այս պայմաններում մտավորականությունը քաղաքական ասպարեզում ստանում է զրոյական դեր։ «Այդ մարդկանց բերել խորհրդարան, որտեղ նրանց խորհուրդների կարիքը ոչ ոք չի զգում, դա շատ տրամաբանական է, դա նշանակում է, որ տեղերը լցվում են, ձայները լսվում են: Իրենց տալիս են դեր, և իրենք էլ այդ դերը ասում են»,- ասում է Տիգրան Խզմալյանը։ Նա չի ընդունում մտավորական տերմինի  գործածումը։ Համարում է, որ այդ տերմինը ներդրվել է խորհրդային իշխանության կողմից՝ հասարակությանը պառակտելու նպատակով։ Բայց և վստահ է՝ ինտելեկտուալ անձինք այս պայմաններում հասարակությանը լուսավորելու առաքելություն ունեն։  «Մենք պետք է ասենք ճշմարտությունը, ասենք այն, ինչ մտածում ենք»,- հավելում է կինոռեժիսորը։