Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորարարական ձեռնափայտ՝ MP3 նվագարկիչով եւ 5 SIM քարտով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
cernapayt

IT լուծումներով ձեռնափայտը տարեցների եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար ինքնատիպ  հնարավորություն է։ «Այն ունի ռադիոընդունիչի եւ MP3 նվագարկչի հնարավորություն, այստեղ տեղադրվում է հիշողության քարտը եւ սիմ քարտը: Կարող է համապատասխան ծրագրային լուծումով հիշել մինչեւ 5 հեռախոսահամար: Սովորաբար, դրանք բարեկամների համարներն են, եւ SOS կոճակը սեղմելով՝ հնարավոր է զանգ իրականացնել բոլոր այդ 5 ազգականներին: Սկսում է ձայն հնչել՝  ուշադրություն գրավելով, որ տվյալ մարդը առողջական խնդիրներ ունի կամ օգնության կարիք ունի: Կամ, օրինակ, մութ ժամերի համար լուսացույցն ենք տեղադրել ձեռնափայտի վրա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց TSD փոխտնօրեն Ալեքսեյ Սանդիկովը: Հայկական հեռախոսներ եւ պլանշետներ՝ ArmPhone եւ ArmTab արտադրող TSD ընկերության արտադրած այս ձեռնափայտից դեռ մի քանի օրինակ է ստեղծվել։  Մասսայական վաճառքի համար ընկերությունն այս պահին բանակցում է պետական գերատեսչությունների, տնտեսվարողների հետ: Ձեռնափայտը հետաքրքրել է նաեւ ՀՀ-ից դուրս: Ոլորտի PR տեխնոլոգիաների մասնագետների կարծիքով՝ հայկական IT արտադրանքն ավելի պահանջարկված է դրսում, քան ներսի շուկաներում: «Շատ բան կախված է նրանից, թե ինչ ինտելեկտուալ մակարդակի վրա է մեր խոշոր բիզնեսը. ինքը պոտենցիալ սպառողն է այդ նույն IT արտադրանքի: Կան բավականին լավ լուծումներ մեր լոկալ շուկայի համար, սակայն շատ ոլորտներ, որոնք մեզ մոտ համարվում են առաջատար, որոնք բյուջեն ձեւավորող ոլորտներն են, իրենք առայժմ չեն հասել իրենց մակարդակով այն գիտակցության, որ կարելի է IT օգտագործման շնորհիվ էլ ավելի շատ փող աշխատել»,- կարծում է PR տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանը: Մերգելյան ինստիտուտում՝ տնտեսական ազատ գոտում գործող TSD ընկերությունն արտահանումից դժգոհ չէ. թեեւ Չինաստանի հետ մրցակցելը մի փոքր դժվար է, սակայն մեծ հաջողություններ ունի հատկապես ծրագրային լուծումների արտահանումը:Արտահանում են ինչպես ԵՄ, այնպես էլ՝ ԵՏՄ երկրներ: «Անսպասելի անակնկալ էր իրենց համար, որ հայերը արտադրում են բջջային հեռախոսներ, եւ ռուսական ու գործընկեր մյուս երկրների լրատվամիջոցներով ավելի շատ կես կատակի, կես հումորի մեկնաբանություններ էինք ստանում մեր արտադրանքի մասին, քանի որ ստերոտիպ էր ձեւավորվել, որ ՀՀ-ն կոնյակի ու ծիրանի երկիր է»,- ժպիտով ավելացնում է Ալեքսեյ Սանդիկովը:             Ներսի շուկայում IT ոլորտի զարգացման համար հիմնական պատվիրատուն պետք է լինի պետությունը:PR տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանը նման նախադեպ համարում է ապրիլյան պատերազմից հետո ռազմաարդյունաբերության ոլորտում ներգրավվածությունը. «Այդ կապերը սկսում են աշխուժանալ եւ որքանով գիտեմ՝ դրական արդյունքներ արդեն իսկ կան: Բացի այդ, եթե ռազմաարդյունաբերական համակարգը դառնում է IT ոլորտի հիմնական պատվիրատուն, ապա դա իր հետեւից շոգեքարշի պես տանում է մնաց մյուս ոլորտները»: ՀՀ IT ոլորտում, թեեւ, հիմնականում բարձրակարգ մասնագետներ են, սակայն նրանց պահանջարկը գնալով մեծանում է ամբողջ աշխարհում: Արդյունքում, բարձր վարձատրությամբ արտերկրի առաջարկներն ավելի գրավիչ են դառնում, իսկ ՀՀ-ում նրանց պահելը՝ ավելի ու ավելի բարդ։