«Մաքուր ջրի համար ՀՀ համայնքներում պատերազմներ են»
«Չկտրենք այն ճյուղը, որի վրա նստած ենք» թեմայով քննարկմանը, որը նվիրված էր Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրվան, բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն իր խոսքում նշեց, որ ամեն տարի մի կարգախոս է ընտրվում։ Այս տարվա կարգախոսն է «Ես բնության հետ եմ», այսինքն` ինչքան հնարավոր է մերձեցնել մարդկությանը բնության հետ։ Մոլորակը մեր դեմ է դուրս եկել, քանի որ նրան մեր քայլերով հանգիստ չենք տալիս»։ Խոսելով հանքշահագործումից` նա նշեց, որ այն մի խումբ մարդկանց արագ հարստացման միջոց է դարձել։ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն իր հերթին խոսեց Կառավարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրից` նշելով, որ այն շտապ միջոցառում էր։ Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա, ըստ նրա, ամեն մի հանքի հետևում մի բարձրաստիճան պաշտոնյա է, ու իրենց անօրինականությունները ամեն կերպ փորձում են կոծկել. «Եթե սկսի շահագործվել «Գլաձոր» բազմամետաղային հանքը, այնտեղ մեծ քանակությամբ ծծումբ կա, որը ագրեսիվ էլեմենտ է, մինչդեռ մենք այնտեղ ունենք Վերնաշեն համայնքը, որը մեր ազգային բրենդն է դարձել։ Մենք պետք է դիմադրենք նման ճնշմանը, մանավանդ որ այսօր ունենք 30 հանք, որից 8-ը շահագործվում է եւ 21 պոչամբար։ Մի քանի տարի անց մեր փոքրիկ երկրում կունենանք 10 տոկոս աղտոտված տարածք»։ Տիկին Զարաֆյանը նաեւ նշեց, որ մենք սակավաջուր երկրների ցանկ ենք մտել, թեեւ նախկինում միջին մակարդակի ցանկում էինք. «Հիմա մաքուր ջրի համար պատերազմներ են համայնքներում, ու դա գնալով խորանում է»։ Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրին, ապա նա նշեց, որ այն շատ լավ ուսումնասիրված է, 30 միջազգային փորձագետներ գնահատական են տվել, այն էլ` բացասական. «Ամուլսարի հանքշահագործման ծրագիրը զուտ քաղաքական որոշում էր։ Այն հատկապես սպառնալիք է Սեւանա լճի համար։ Հանքի շահագործման ժամկետը 10 տարի է»։