Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգային խտրականություն մի դրեք». զինվորի մայրը խնդրում է փրկել որդու կյանքը (տեսանյութ)

Հասարակություն
zinvori-mayr

Կառավարությունից օգնություն  խնդրող    կինը դեղ է խմում մեկը մյուսի հետևից։ Զինվորի մայրը պաշտոնյա տեսնելու հույսով ժամեր շարունակ հերթապահում է գործադիրի մուտքի մոտ. «Խնդրում եմ օգնեք իմ որդուն, ազգային խտրականություն մի դրեք»։ Գյումրեցի, ազգությամբ եզդի Ասյա Հասանյանը  բանակում ծառայող որդուց՝ Արթուր Հասանյանից մինչ ապրիլյան պատերազմը լավ լուրեր էր ստանում. «Նռնակի պայթյունից հարված է կպել երեխայիս ողնաշարին, կամաց կամաց իր ոտքերն սկսել են ցավալ, առաջնագծում ուշքը գնացել է, գիտակցությունը կորցրել է զինվորները տարել են, ոտքերը կբարականա»։ Դիրքերում առողջությունը կորցրած զինվորն այժմ Կարմիր խաչի հիվանդանոցում է։ Բուժումը Ստեփանակերտում հնարավոր չի եղել կազմակերպել։ Կնոջ խոսքով՝ որդու վիճակը բանակի ղեկավարության մեղքով է վատացել. «Էնքան իրենք նախարարությունը արհամարհեց, տեր չկանգնեց, հիմա իր ոտքի ներվը չի սնուցվում, վախից լարվածությունից, զինվորների գլուխները կտրած տեսավ իմ ավագ սերժանտ զինվորս»։ Արթուր Հասանյանի բուժումը  արտերկրում կազմակերպելու համար մայրը վարչապետ Կարեն Կարապետյանին է դիմել, երբ վերջինս ՀՀԿ նախընտրական քարոզչության շրջանակում Գյումրիում էր։ Ամիսներ է՝ պատասխան չունի.  «Իրենք ազգային խտրականություն երևի կդնեն, էդ ի՞նչ հիվանդություն է, որ չեն բուժում, ես առողջ որդի տվեցի իրենց, թող բուժեն տան ինձ»։ Կնոջը չեն բավարարել նաև Պաշտպանության նախարարության պատասխանները. «Կգնամ ՊՆ Վիգեն Սարգսյանին տեսնելու, կասեն՝ ինքը պարապ չէ ձեզ տեսնելու։ Բա Վիգեն Սարգսյանն ինչի՞ նախարար է, եթե ինքը չի կարող զինվորի մայրերի հետ հանդիպում ունենա։ Զինվոր կմահանա, ժեշտից մի հատ մեդալ կտան, իրենց ցույց կտան հեռուստացույցով, խաբում են։ Էսօր  գեներալ Սիմոնյանն ինձ հասկացրեց, որ ձեր որդին անբուժելի է, ասի ես իմ որդու առողջությունն եմ ուզում, ինչ եք ասում դրանով»։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը   վստահեցրեց, որ Արթուր Հասանյանը բժիշկների մշտական հսկողության տակ է։ Նա նաև հերքեց Ասյա Հասանյանի պնդումը, որ Պաշտպանության նախարարությունը ժամանակին չի հետաքրքրվել զինվորի հարցով, ինչն էլ հանգեցրել է հիվանդության խորացման։