ՀԱՊԿ Պնախարարների Խորհրդի նիստում 11 հարց է ընդգրկվել
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 13-ին Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված 11 հարցեր, այդ թվում` Կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների` արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդատվությունների անցկացման, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների, համակազմերի ուժերի և միջոցների համատեղ պատրաստության վերաբերյալ: Նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները: Նշված, ինչպես նաև նիստի ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր: ............ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 16-ը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը, ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի համատեղ կիրառման օպերատիվ (մարտական) փաստաթղթերի մշակման և պահպանման կարգի մասին հրահանգի նախագծի համաձայնեցմանը: ՀՀ ԶՈՒ ռազմավարական պլանավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 15-ը Մոսկվայում կմասնակցի ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմավարական պլանավորման հարցերով աշխատանքային հանդիպմանը: