Սահմանամերձ Խաչիկ՝ պահպանվող գոտի. գյուղապետը 9 ծնունդ է սպասում
WWF Հայաստանի՝ «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն». տարածաշրջանային այս ծրագրի շրջանակներում կազմակերպված «Լանդշաֆտի արահետներով» տեղեկատվական արշավի առաջին կանգառը սահմանամերձ Խաչիկ գյուղն է:
Էկո- մեդիա ցանցի լրագրողները ծանոթանում են օրեցօր աշխուժացող Խաչիկի առօրյային: «Գնիշիկ» հիմնադրամը տեխնիկա է տրամադրել գյուղացուն. այս տարի խոտն առատ չէ, շտապում են տուկեր կապել, ինչն արդեն անհամեմատ էժան կնստի
Այգեպան Ալեքսան Մկրտչյանն էլ հիմնադրամից խնձորի հիսուն տնկի է ստացել, այդքան էլ ինքն է ավելացրել ու արդեն մի քանի տարի անց քաղում է առաջին պտուղները
Գյուղը, սակայն, ջրի խնդիր ունի. գյուղապետ Վարդան Ներսիսյանը հերթական անգամ դիմել է կառավարություն՝ ջրամբարի կառուցման հարցով ու հերթական անգամ խոստում ստացել
Խաչիկը համայնքների խոշորացման ծրագրում է. գյուղապետն անթույլատրելի է համարում խոշորացումը ոչ միայն համայնքների հեռավորության պատճառով, այլև՝ գյուղի սպեցիֆիկության՝ թե տարածականության, թե դիրքի առումով, գյուղացիներն էլ չգիտեն, թե ինչպես ամեն մի հարցով պետք է հասնեն շրջկենտրոն: Առանց այն էլ վատ ճանապարհների պատճառով համայնքային տրանսպորտ այլևս չի աշխատում, իսկ Երևան ստիպված են հասնել 15 հազար դրամով: Այսուամենայնիվ, խոշորացում կլինի՝ վստահ են, իսկ գյուղի կարծիքը դեռ չեն հարցրել
Գյուղում գրեթե ամեն ընտանիք պայմանագրային զինծառայող ունի, ափսոսում են, որ մինչև 50 տարեկանները միայն կարող են գնալ ծառայության:
Ալեքը նույնպես երազում է սահմանապահ դառնալ. նա դեռ մանկապարտեզ է հաճախում՝ գյուղի նախակրթարանում, եւս 11 երեխաների հետ
Այս ամուսիններն իրենց ձեռքով ստացվող մեղրից ոչ մի գրամ չեն վաճառի, հազիվ բավականացնի ընտանիքին ու հարազատներին
Իսկ չորացվող աթարով ամեն անգամ չեն պատրաստվում վառարանը վառել. նոր են վերանորոգել տունը, փայտն ավելի քիչ կվնասի պատերը
Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին տարբեր տվյալներով թվագրվում է 17-րդ դար, սակայն գյուղացիները 15-րդ դար են նշում: Ընդգրկված է Խաչիկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Եկեղեցին ունեցել է գմբեթ, զանգ, սակայն 1940 թվականին կայծակը շանթահարել ու ավերել է այն։
Այսօր եկեղեցին նույնիսկ երգչախումբ ունի
Եկեղեցու խաչը օրհնվել և տեղադրվել է 2015 թվականի հոկտեմբերին. խաչի տակ էլ նստած են պապ ու թոռ, ներսից հոգևոր երաժշտության ձայն է հնչում:
Գյուղի սակավաթիվ խանութը հարուստ տեսականի ունի ու կոկիկ է, ինչպես ողջ գյուղը
Ինչպես բոլոր գյուղերի խանութներում, «նիսյայի» տետրն անպակաս է: Խանութպանն ասում է, որ բնակիչները պարտաճանաչ են ու խոստացած ժամանակին մարում են պարտքերը
Գյուղապետի հաշվարկներով՝ մինչև այս տարեվերջ գյուղում ծնունդների թիվը կհասնի 9-ի: Գյուղն ունի ոչ միայն կահավորված նախակրթարան, դպրոց, գրադարան, մարզասրահ, այլև մանկահասակ երեխաների խնամքի կենտրոն ՝ իր դայակներով, ում կարող են վստահել աշխատող ծնողները: Գյուղում հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
Ծրագրի նպատակն է էկոլոգիական միջանցքների ինտեգրումն ու ընդլայնումը, ինչպես նաև գլոբալ կարևորություն ունեցող վտանգված տեսակների պահպանությունը հարավային Հայաստանում «Գնիշիկ» համայնքային պահպանվող տարածքի (ՊՏ) ստեղծման միջոցով: Ծրագրով նախանշված հիմնական գործողություններն են ՊՏ -ի մասնակցային պլանավորումը, պահպանության ռեժիմի հզորացումը, զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացումը և «Գնիշիկ» ՊՏ -ի պահպանման գոտու համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծումը:
Խաչիկ գյուղը հենց այս պահպանվող տարածքում էկոմիջանցքի մի հատվածն է:
Հասմիկ Բուդաղյան