Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կակաչների դաշտ. Լոռվա բնության հերթական դրսևորումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-2-3

 Հատկապես ամռանը Լոռվա բնությունը դրսևորվում է ամենավառ ձևերով։ Կակաչների արտի մասին իմանալով՝ վրձինն ու կտավը առել, Յաղդան գյուղ է շտապել գեղանկարիչ Արմեն Հարությունյանը. «Կակաչներ Լոռիում տեսել եմ, բայց էսքա՞ն, համատարա՞ծ, մի ամբողջ աշխարհ կակաչների, առաջին անգամ եմ տեսնում։ Ու շատերն են նշում, որ առաջին անգամ են տեսնում»։ Գեղանկարիչը լավատեղյակ է Գուգարաց աշխարհի բնական տարերքներին ու տրամադրությանը։ Բայց անգամ նա է զարմացել՝ ինչպե՞ս էր հնարավոր կակաչների այսպիսի հավաքատեղի՝ առանց մարդկային միջամտության։  «Սա բնությա՞ն երևույթն է, թե՞ մարդու ձեռքն է կպել։ Չեմ կարող ասել, չնայած ասում են՝ մարդը ինչ պիտի աներ, ո՞նց...»,- ասում է գեղանկարիչ Արմեն Հարությունյանը։ Ստեփանավան-Ալավերդի ճանապարհահատվածում գտնվող կակաչների դաշտը գրավել է անգամ հարավկորեացիներին։ Հայաստանի մասին ճանաչողական ֆիլմ նկարահանող ասիացիները տպավորված են։  «Մեզ մոտ՝ Կորեայում, Հայաստանը հայտնի երկիր չէ, դրա համար ենք նկարահանումներ նախաձեռնել ձեր երկրում»,- ասում է նկարահանող խմբի անդամ Դե Յու Լին։ Կակաչների դաշտը հավիտենական չէ։ Կարմիրն ու սևը շուտով կլքեն ցորենի արտը, դա բնության օրենքն է։ Իսկ մինչ այդ սելֆիի սիրահարները ընկերներին զարմացնելու ևս մեկ առիթ ունեն։  «Դե մենակ Լոռիում կարող էր սենց բան լիներ, շատ գեղեցիկ ա, ու ինձ թվում է՝ սա պետք է վերևից նկարվի, շատ սիրուն կլինի՝ կանաչ ու մեջտեղը կարմիր, շատ սիրուն կդիտվի»,- ասում է Ալվարդ Դավթյանը։ Ճանապարհով անցնող ամեն մեկն իր պարտքն է համարում մի քանի րոպեով կայանել կակաչների դաշտի ափին։ Մեկ այլ անցորդ երջանիկ պատահականության է հանդիպել. «Ճանապարհին մենք երգն էինք լսում տղաներին նվիրված՝ կարմիր կակաչները, տա Աստված, որ մենք հիանանք միայն գեղեցկությամբ, ոչ թե հիշենք երգը կամ հուզվենք»։ Լոռեցիները մարզ այցելող զբոսաշրջիկներին հորդորում են՝ տեսարժան այլ վայրերից զատ անպայման նաև կակաչների դաշտ այցելել։