Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկինում թիթիզանում էին շորիկներով, հիմա՝ գրքերով. գրականագետ

Հասարակություն
books

Հայաստանում ընթերցողի պակաս չկա, երբ համեմատում ես  տպաքանակն  ու վաճառվող գրքերի թիվը. «Հայաստանում  տարեկան տպագրվում է 2000 անուն գիրք, եթե դրանցից բազմաթիվները հասնում են գրադարաններ ու որոշները սպառվում են գրախանութներում՝ 100-ից ավել օրինակով,  ուրեմն մենք ունենք ընթերցող»,- նշում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու հավելում, որ գրախանութներում այսօր կան մարդիկ, որ պարբերաբար են գնում գրքեր. «Եվ դա ոչ թե այն սերունդն է, որ ասում է՝ մեր ժամանակ լիքը գիրք էին կարդում, դուք անգրագետ ջահելներ եք, այլ հենց երիտասարդներ են՝18-ից 35 տարեկան»: Երիտասարդներին ամենից շատ հետաքրքրում են  հայտնի  ու լավ գովազդված գրքերը։ Գրականագետը նկատել է՝ եթե որեւէ հայտնի մարդ  խորհուրդ է տալիս կարդալ այս կամ այն գիրքը, ապա դրա վաճառքը մեկ ամսում ավելանում է մի քանի անգամ:  Վերջին շրջանում ամենապահանջված ու ամենաշատ վաճառված գրքերը  «Տափաստանի գայլը», «Անասնաֆերման» եւ «1984»-ն են: Ժամանակակից հայ գրողներից ամենաշատ պահանջվածը  Լեւոն Խեչոյանի ստեղծագործություններն են։ «Մի 5-10 տարի առաջ մարդու ձեռքը չէր գնում ժամանակակից գրողի գիրք առներ, ասում էին՝ ի՞նչ պետք է գրի որ, իսկ հիմա գրողներ կան, որ իրենց գրքերի առաջին տպաքանակը սպառնել են: Այսօր փող չեն տալիս միայն պոեզիային, սրա մեղքն էլ սոցիալական ցանցերն են, ստեղծագործությունները կարճ են, դնում են ֆեյսբուքում, մարդիկ քոփի են անում, գրում են, ու գիրքը էլ չի վաճառվում»: Վերջին տարիներին հրատարակչություններն ու գրախանութները սկսել են  այս կամ այն կերպ խրախուսել ընթերցանությունը: Հայտնի գովազդը վստահեցնում է , որ գիրք կարդալը մոդայիկ է. «Էդ բոլոր թիթիզություններին բախվում ենք ու դա ինձ դզում ա: Նախկինում  սոցցանցում թիթիզանում էին շորիկներով, ինչ-որ բուտիկներում, հիմա եթե մարդ ուզում է գրքով թիթիզանա, ջանդամը,  թող չկարդա,  դրա մեջ շատ լավ բան կա, որովհետեւ հաջորդ քայլը գրքի հետ մերձեցումն է»,- նշում է գրականագետը: Գրքերի գների թեման շարունակում է արդիական մնալ: Շատերի կարծիքով՝  դրանք բավական բարձր են Հայաստանում. «Գուցե հիմա անհարմար է, բայց դա նրանից չէ, որ գիրքը թանկ է, այլ մեր երկրի սոցիալական վիճակն է վատ, մեր աշխատավարձն է ցածր, գրքի գինը նորմալ է, անգամ էժան»: Գրքերի ավելի մատչելի լինելու միակ  տարբերակն,  ըստ գրականագետի,  ընթերցողների ավելացումն է: Երբ  գրքերը տպագրվեն ու սպառվեն ավելի մեծ տպաքանակով,  գներն ինքնաբերաբար կնվազեն։