Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արվեստագետները միանգամից արձագանքել են (տեսանյութ)

Հասարակություն
Narekaci

«Արվեստը միացնում է մարդկանց ու տանում բարձունքներ»։ Այս գաղափարը Նարեկացի արվեստի միությանը դրդել է իրականացնել «Միասին» խորագրով նախագիծը։ Ճանաչված արվեստագետները մեկ տարի ժամանակով կաշխատեն հաշմանդամություն ունեցող անձանց հետ՝ նրանց փոխանցելով հմտություններ։ Նարեկացի արվեստի միության հատուկ ծրագրերի պատասխանատու Սինխրոն Լուսինե Ազարյանն ասում է. «Վստահ եմ, որ շատ օգտակար կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար և գուցե կփոխի նրանց ճակատագիրը»։ Լուսինե Ազարյանն արդեն ցուցակ է կազմել, թե նախագծի 15 մասնակիցներից յուրաքանչյուրը որ վարպետի հետ կաշխատի։ «Հաշմանդամություն ունեցող անձանց համար մենք գրեթե որևէ պայման չենք ստեղծել մեր երկրում, շատ քիչ են հնարավորությունները նրանց ինտեգրվելու հասարակությանը և կատարվելիք իրադարձություններին»,- ասում է Լուսինե Ազարյանը։ Արվեստագետները միանգամից արձագանքել են՝ իմանալով, որ համանդամություն ունեցողների հետ են աշխատելու։ Նրանց մեջ են նկարչուհիներ Մերի Մունը և Անուշ Առաքելյանը, սոպրանո Իրինա Զաքյանը, նկարիչ Լևոն Ասլանյանը և այլոք։ «Շատ արվեստագետներ միանգամից համաձայնվեցին, որ մենք ձեզ հետ ենք»։ Սեպտեմբերից Նարեկացի արվեստի միությունում մեկ այլ ծրագիր էլ  կմեկնարկի։ Հաշմանդամություն ունեցող անձինք կսովորեն՝ ինչպես վերականգնել ձայնագրությունները։ «Սայլակում նստած մարդն իր տանն այդ դասընթացներն ընդունելուց հետո կկարողանա ինքը պատվերներ ստանալ և կարողանա ապրուստ ապահովել»,- ասում է միության ղեկավար Նարեկ Հարությունյանը։ Հաշմանդամություն ունեցող անձինք Նարեկացի արվեստի միության լավագույն բարեկամներից են։ Կենտրոնը Հայաստանում առաջիններից էր, որ իր շենքը հարմարեցրեց նրանց կարիքներին։ «Հատուկ ճարտարապետ հրավիրեցինք, որ ամբողջ մանրամասնություններն ուսումնասիրի, ամբողջ շենքի հիմքը փոխեցինք և  ամբողջ հնարավորությւոնները շենքի ներսում ստեղծեցինք, որ հաշմանդամ մարդիկ գան մեզ մոտ, առաջին հերթին զգան, որ այդ ամենն արվել է իրենց համար»,- ասում է Նարեկ Հարությունյանը։ Բայց հարցն այսպիսի եզակի դեպքերով չի լուծվի։ Մատչելի միջավայր ունենալու համար մեր երկրում դեռ շատ աշխատանք կա իրականացնելու։