«Այդ տարածքը՝ էկոհամակարգով, կորցրել ենք» (տեսանյութ)
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում դեռեւս չմարված հրդեհը դրդել է մի խումբ երիտասարդների իրենց օգնությունն առաջարկելու հրշեջներին։ Անի Խաչատրյանը իր չորս ընկերների հետ գնացել է արգելոց՝ մասնակցելու հրդեհի մարման աշխատանքներին: «Լիքը մարդ ուղղակի այնտեղ անգործ կանգնած էր, ԱԻՆ-ը շատ վատ է աշխատում. ընդհանրապես ոչ մի բան կազմակերպված չէր, այսինքն՝ չկա համակարգող, որ ասի՝ կոնկրետ ինչ անես:, դու ինքդ ինքնակազմերպվում ես: Նաեւ կային այդ արգելոցի աշխատակիցները, որոնք բավականին գիտակ էին այդ գործում, ու իրենք էին ուղղորդում, թե ինչ պետք է անել»,- նշում է Հայկական բնապահպանական ակատի անդամ Անի Խաչատրյանը: «Մենք հինգ հոգի էինք կոնկրետ այդ հատվածում. եթե մեզ հետ լինեին նորմալ, սրտացավ կամավորներ, ոչ թե լինեին 5, այլ լիներ 50 հոգի, արդյունքը լրիվ այլ կլիներ, լրիվ այլ վիճակ կլիներ: Ես համոզված եմ՝ եթե առաջին օրվանից լիներ լուրջ մոբիլիզացիա, եւ մարդիկ սրտացավ անեին իրենց աշխատանքը՝ էն մարդիկ, որոնք պետական աշխատակիցներ էին, էլի արդյունքը շատ դրական կարող էր լինել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայկական բնապահպանական ակատի անդամ Լեւոն Գալստյանը: ԱԻՆ տվյալներով ՝ 4 օր շարունակ վառվող պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Կամավորները չեն հավատում այս տվյալներին; նրանց հաշվարկներով՝ մինչեւ 10 հազար հա տարածք է այրվել։ Ասում են, որ այդ մասին մասնավոր զրույցներում նշում են նաեւ արգելոցի աշխատակիցները։ «Մեքենայով կիլոմետրերով գնում ես ու միայն վառված տարածքներ ես տեսնում: Այնտեղ մնացել էր մի լանջ՝ անտառով ու դեպի այդտեղ էր գնում կրակը: Եթե այդ սարն էր վերանար, այսինքն՝ դրանից այն կողմ արգելոցն այլեւս չկար»,- նշում է Անի Խաչատրյանը: ԱԻՆ-ը սկզբում մերժել էր կամավորների օգնությունը հրդեհաշիջման աշխատանքներում՝ պատճառաբանելով, որ արդեն ներգրաված են ոստիկանության աշխատակիցներ եւ զինվորներ: «Պետք է այս պետությունը հասկանա, որ ինքը առանց ժողովրդի ոչինչ է. եթե ինքն ամաչում է իր ժողովրդին դիմի՝ օգնության գալու համար, դա ինձ համար շատ ցավալի է: Ես հասկացա, որ մեկ սրտացավ կամավորը 10 անգամ ավելի շատ արժի, քան անտարբեր պետական պաշտոնյան կամ սովորական աշխատակիցը»,- նկատում է Լեւոն Գալստյանը: «Ես տեսա ոստիկանության համազգեստով մի քանի նեկայացուցիչ, որոնք դրսում՝ արգելապատնեշի մոտ, հսկում էին, որ օտար մարդ ներս չմտնի: Ես ոստիկանոթյան այլ ներկայացուցիչ չեմ տեսել: Ես տեսել եմ 18-20 տարեկան մեր բանակի զինվորներին: Կային մարդիկ, որոնք եկել էին, քանի որ հրամայել էին, որ գան, սակայն իրենք սրտացավ չէին, որ գործ անեին»,- պատմում է Անի Խաչատրյանը: Հրդեհի մարման համար ՌԴ-ի տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռը արգելոցի տարածքում լուսադեմից սկսած իրականացրել 5 թռիչք: Կլինեն էլի թռիչքներ, թե ոչ՝ կախված է տեսանելիությունից: «Ինքնաթիռ բերելը պարտադիր էր, քանի որ տեսնում ես, որ հրդեհը դուրս է եկել վերահսկման շրջանակներից ու այն էլ այդպիսի բարդ ռելիեֆային գոտում, որտեղ անցանելիությունը բարդ է ու միայն ֆիզիկապես լուրջ պատրաստված մարդիկ կարող են այդ տարածքում աշխատանքներ կատարել: Այդ դեպքում ինքնաթիռի գալով այլ արդյունք կունենայինք, իսկ հիմա հայտնի չէ՝ մենք հի՞նգ, թե վեց հազար հա ենք կորցրել: Այդ տարածքը՝ էկոհամակարգով, կորցրել ենք»,- կարծում է Լեւոն Գալստյանը: Կամավորները փաստում են՝ Խոսրովի անտառում հրդեհն արագ կմարվեր, եթե լիներ համապատասխան տեխնիկա, անընդհատ ջուր հասցվեր աշխատողներին, որ նրանք ստիպված չլինեին որոշ դեպքերում հրդեհը մարելու համար օգտագործել ճյուղեր կամ թաց կտոր։