46 տոկոսը կողմ է փողոցների անվանափոխությանը (տեսանյութ)
Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամները օրակարգ են բերել Երևանի որոշ փողոցների (առնվազն 3-ի՝ Լենինգրադյան, Կասյան և Միկոյան) անվանափոխության հարցը:
Խոսքն այն փողոցների մասին է, որոնց անունները կապվում են Խորհրդային իշխանության հաստատման հետ։ Առաջարկվում է դրանք վերանվանել հայ ազգային գործիչների անուններով:
Նախաձեռնության պաշտպանները նշում են, որ Ստալինյան բռնաճնշումներին մասնակցած և Հայաստանի Առաջին Հանրապետության կործանման գործընթացում ներդրում ունեցած մարդկանց անուններով փողոցներ ունենալը պատշաճ չէ, իսկ հակառակորդները մատնանշում են այն հանգամանքը, որ, անկախ ամեն ինչից, Խորհրդային Հայաստանը մեր պատմության անբաժանելի մասնիկն է, և չի կարելի ջնջել դրա և ոչ մի հետքը, ընդհակառակը անհրաժեշտ է չդառնալ պատմության գերին և շարժվել առաջ:
Կա նաեւ երրորդ կարծիք ևս, որի համաձայն` նախաձեռնությունն ուղակի այլ խնդիրներից շեղելու միջոց է:
Փողոցների վերանվանման նախաձեռնությունը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ:
«Ա1+»-ը փոքրիկ հարցում է անցկացրել այս թեմայի շուրջ. ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը։
Հարցմանը մասնակցած 271 հոգուց 46 տոկոսը միանշանակ կողմ է անվանափոխություններին, 24 տոկոսը՝ դեմ, իսկ 30 տոկոսը կարծում է, որ սա այլ խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ է։
