Ո՞ր երկրի խաղաղապահները կլինեն Ղարաբաղում՝ Հոգլանդ
Ամերիկայի Ձայն Հատված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքից Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպման ընթացքում. ՀԱՐՑ. Հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեն, «ջենտլմենական պայմանագիր» կնքեն, որ խաղաղապահ ուժերը չեն լինելու համանախագահ որեւէ երկրից (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա): Ո՞վ կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել, հաշվի առնելով տարբեր երկրների բախվող շահերը: ՀՈԳԼԱՆԴ. «Տեղյակ եմ, որ անցյալում որոշ քննարկումներ այս հարցի շուրջ տեղի են ունեցել: Դուք օգտագործեցիք «ջենտլմենական պայմանագիր» եզրը, այդ սահմանումն օգտագործվել է նախկինում: Հենց այս պահին համանախագահներով մենք ակտիվորեն չենք քննարկում խաղաղապահ ուժերի կազմը: Այդ հարցը իրականում դեռեւս չի ծառացել այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ իմ լավ գործընկերներ դեսպան Պոպովի եւ դեսպան Վիսքոնթիի հետ: ԵԱՀԿ-ում կա բաժին, որը կոչվում է Բարձրաստիճան պլանավորման խումբ, դա փոքր գրասենյակ է, սակայն այն պատրաստվում է այն օրվան, երբ կլինի համաձայնագիր, կլինի կարգավորում եւ խաղաղապահների կարիք կլինի: Որտեղի՞ց են գալու խաղաղապահները, այս հարցի շուրջ վերջին ժամանակներում քննարկում անշուշտ չի եղել եւ անշուշտ որեւէ որոշում այս հարցի շուրջ այս պահին չկա: ՄԱԿ-ում իմ ընկերներից ես նաեւ տեղեկացել եմ, խոսքը քաղաքական բաժնի մասին է, որը ուշադիր հետեւում է այս հարցին, որ խաղաղապահների հարցում ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե լինի համապատասխան դիմում: Այնպես որ, կարծում եմ, գոյություն ունեն բազմաթիվ հնարավորություններ, սակայն անշուշտ, որոշումներ կայացված չեն»: ------------------------------------------------------------------------------------------- Հատված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքից Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպման ընթացքում.
- «Եթե վերադառնանք օրինակ 30 տարի առաջ, երբ ադրբեջանցիներն ու հայերը կողք կողքի էին ապրում Լեռնային Ղարաբաղում, բայց նաեւ Բաքվում եւ այլ տեղերում, մարդիկ ճանաչում եւ հասկանում էին միմյանց: Նրանք կարող էին չհամաձայնել միմյանց հետ, կարող էին սուր քննարկումներ ունենալ, սակայն, նրանք միմյանց ճանաչում էին եւ գիտեին, թե դիմացինն ինչպես է մտածում: Ցավալի է, որ այսօրվա երիտասարդ սերունդը Ադրբեջանում եւ Հայաստանում իրականում միմյանց չեն ճանաչում: Արդյոք թունելի վերջում պայծառ լույս կա՞: Կասեմ, որ թունելի վերջում հաստատ լույս կա»:
- «Լեռնային Ղարաբաղը փոքր-ինչ տարբերվում է մյուս երկարատեւ հակամարտություններից, ինչպիսիք են օրինակ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հակամարտությունները: Այս հակամարտությունը շարունակվել է շատ երկար ժամանակ: Եթե հիշում եք, 1988-ն էր եւ Խորհրդային Միությունը միանշանակ ամուր էր, երբ իրական բողոք բարձրացավ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այնպես որ, այն չի սկսվել Խորհրդային Միության նախկին երկրների անկախացումով: Լեռնային Ղարաբաղը խնդիր է, որը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր»: