«Դիլիջան» ազգային պարկում այրվել է մոտ 2,5 հա տարածք
Օգոստոսի 31-ին ժամը 13:00-ի սահմաններում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնում` զինվորական հրաձգարանին կից տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների և զինվորականների համատեղ ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 2,5 հա խոտածածք տարածք: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված հսկողություն, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այրված հատվածներում դեռևս առկա են ծխացող օջախներ: Արգելոցի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների կողմից իրականացվում են օջախների չեզոքացման աշխատանքներ և սահմանված է շուրջօրյա հսկողություն: ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում հրդեհների բռնկման դեպքեր չեն արձանագրվել: