Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմ սիրում, որ հանդիսատեսը ծափահարում է նախկին կյանքիդ համար. Արաքս Մանսուրյան (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-4

«Երբ ասում եմ 50 տարի բեմում եմ, մի պահ ինքս զարմանում եմ, հետո հիշում, որ 21 տարեկան էի, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական  ուսումնարանի ուսանող,երբ առաջին անգամ ելույթ ունեցա»,- այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում կկայանա Արաքս Մանսուրյանի «50 տարի բեմում» խորագրով համերգային մեծարման երեկոն։ Համերգին կմասնակցեն Ավստրալիայից ժամանած նրա սաները: Կհնչեն Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի ավարտին Արաքս Մանսուրյանն իր սաների հետ կկատարի Կոմիտասի երգերից մեկը: «Տարիքի հետ ավելի իմաստնանում ես, կատարելագործվում ես, սակայն ձայնդ արդեն, ավաղ, տատանումներ կարող է տալ, և միգուցե ափսոսում ես, որ կատարողի մասնագիտությունը չես ընտրել»,-ասում է երգչուհին: -Պետք է կարողանաս ուժ գտնել ժամանակին բեմը թողնել: Չեմ սիրում, որ հանդիսատեսը ծափահարում է նախկին կյանքիդ համար»: Աշխատանքի մեջ Արաքս Մանսուրյանի համար ամեն ինչ կատարյալ պետք է լինի: Ազնիվ պետք է լինել բոլոր հարաբերություններում, չկեղծել: «Արվեստը կեղծիք չի սիրում», -ասում է նա: Հայաստանում ապրած տարիները իր ուղու կարևոր մասն է համարում: Ինչ վերցրել է այն տարիներին, այսօր մատուցում է Սիդնեյի կոնսերվատորիայի օտարազգի իր ուսանողներին: Հպարտանում է, որ նրանք հայերեն երգում են Կոմիտաս ու Մանսուրյան, երգերի միջոցով ծանոթանում մեր պատմությանը, մեր լեզվին, որն ի դեպ նրանց համար բարդ լեզու է, և որոշ հնչյուններ մեծ դժվարությամբ են կարողանում արտաբերել: Կան փայլուն երգիչներ, որոնք, սակայն, չեն կարողանում իրենց գիտելիքները փոխանցել: Արաքս Մանսուրյանը նրա սաների խոսքով, աշխարհի լավագույն մանկավարժներից է, ամենաէմոցիոնալը և իրենք երջանիկ են, որ նման ուսուցիչ ունեն, որի միջոցով հասկացան, թե ինչ է նշանակում Բել Կանտո երգեցողությունն ու «վարակվեցին» հայ երգի հանդեպ սիրով: Իդեպ, Արաքս Մանսոււրյանը նշեց, որ ուսանողներն անգամ նկատել են , թե  որքան երջանիկ և ուրախ է ինքը Երևանում։ Երգչուհին  երբ ասաց, որ պատրաստվում է բնակարան գնել մայրաքաղաքում, ուսանողներն արագ արձագանքեցին, ասելով, որ  իրենք էլ կտեղափոխվեն Հայաստան։