Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամենասովորական դաստիարակության միջոցները կարող են նկատվել որպես բռնություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
hanrain-xorhurd

Ամեն ընտանիք մի մութ պետություն է՝ իր նիստուկացով: Հանրային խորհուրդը քննարկում է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: «Կան լիբերալ պետություններ, կան ազգային ավանդույթով առաջնորդվող պետություններ, բայց մոտ 20 տոկոս պետություն՝ ռազմաֆեոդալական համակարգեր են՝ մեկն անպատիժ է, ինչ կուզի, կարող է տանը անի: Հիմնական պատճառը ես տեսնում եմ՝ կրթություն, զարգացում, սոցիալական եւ անպատժելիություն, որը կա»,- հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Ըստ Վազգեն Մանուկյանի՝ օրենքի բարդությունն այն է, որ օտար մի մարմնի թույլ ես տալիս միջամտելու ընտանեկան գործերիդ. «20 տոկոս աննորմալ ընտանիք բուժելու համար՝ դու կարող ես ռիսկի ենթարկել ավանդական ընտանիքները: Դրա համար այդ օրենքը պետք է շատ նուրբ լինի, որ ինչ-որ մի պահից ներս չմտնի»: «Այս նախագծերի փաթեթը քրեական պատասխանատվության մասին չէ, այն նպատակ է հետապնդում կանխարգելել ընտանեկան բռնությունը, բանը չհասնի քրեական պատասխանատվության: Ոչ թե մենք նստենք, սպասենք, որ ինչ-որ մեկը մյուսին սպանի, որ իրեն քրեական պատասխանատվության ենթարկեն, այլ այնպես անենք, որ այդ դեպքն այլեւս տեղի չունենա»,- նշեց  Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գոհար Հակոբյանը: Փաստաբանների պալատի նախագահը նախագծում բազմաթիվ վիճահարույց դրույթներ է գտել, որոնք հետագայում կարող են տարընթերցումների տեղիք տալ: «Մենք լավ գիտենք, որ ծնողի դաստիարակչական գործառույթի մեջ մտնում է խրատը, հանդիմանանքը եւ պատիժը: Պատիժ նկատի չունեմ ֆիզիկական բռնությունը: Երեխաների իրավունքները երբեմն սահմանափակում ենք. երեխան միգուցե գիրանալու հակում ունի, պետք է թույլ չտալ որոշակի բաներից օգտվել: Այս սահմանափակումները ֆորմալ առումով կարող են նմավել այս բռնությունների տեսակին»,- նկատեց «Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:    Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմամբ եւ աջակցությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչները կոնկրետ օրինակներ են վկայակոչում՝ ընդգծելով օրենքի կարեւորությունը: «Ունեցել ենք դեպք, երբ ամուսինը Մարտունիի գյուղերից մեկում կապել է կնոջը գոմում պարանով եւ ասել է՝ դու էստեղ սպասի, ես գնամ, գամ, քո հարցերը կլուծեմ: Կինը կարողացել է մտրակով կտրել պարանը, դուրս է եկել գոմի պատուհանից, ոտաբոբիկ գյուղից Մարտունի է հասել, եկել երկու ամիս մեր ապաստարանում էր մնում»,- պատմեց  «Կանանց իրավունքների կենտրոն»-ի նախագահ Սուսաննա Վարդանյանը:  Հանրային խորհրդի անդամների վերաբերմունքը օրենքի նախագծին բացասական էր: «Շատ կներեք՝ կյանքից կտրված բաներ է գրված: Ոնց կարող եք ապահովել, որ 100 մետր չմոտենա, եթե ամուսնուն տարել են այդ ապաստարանները, ո՞վ է կերակրելու, ո՞ւմ հաշվին, մեզ մոտ անվճար չէ բուժումը, ո՞վ է վճարելու»,- բարկացած հիշեցրեց Հանրային խորհրդի անդամ Կարլոս Ղազարյանը: «Հավիտենական կոնֆլիկտ է զավակ-ծնող, հատկապես դեռահաս զավակները: Ոչ մի տեղ նախագծում նշված չէ, թե ծնողներն ինչ իրավունքներ ունեն իրենց զավակի դաստիարակության ընթացքին. ամենասովորական դաստիարակության միջոցները կարող են նկատվել որպես բռնություն, քանի որ նույն զավակը կարող է դառնալ Պավլիկ Մարոզով, որ մենք 70 տարի անընդհատ հիացել ենք, ու դեռահասը կարող է ամեն ինչի գնալ»,- իր մտահոգությւոնը հայտնեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հանրային խորհրդի անդամների կարծիքով՝ օրենքի նախագծում բացակայում է նաեւ ձեւակերպումը, թե որն է հայ, ավանդական ընտանիքը, թե ընտանիքն ինչ է մեզ համար: