«Որոշումները ԱԺ դահլիճում չեն ընդունվում, սա ընդամենը արարողակարգ է» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Քրեադատավարական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համահեղինակն էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մերժվեց 34 կողմ, 51 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով: Վարման կարգով Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել նրա համար, որ տուժողների ու վկաների համար չի ներկայացվել, թեեւ կարող էին առաջարկել եւ ավելացնել. «Ինչ վերաբերում է տեսաձայնագրության պարագայում կաշկանդվելուն, տեսաձայնագրության մեջ կարող էինք տեսնել, որ այդ մարդու աչքը կապտած է, կամ ծեծել են, նոր են հարցաքննել»: ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն իր հերթին արձագանքեց՝ ասելով. «Խոշտանգումը միայն աչք կապտացնելով չի լինում, կարող է հոգեբանական ճնշման էլ ենթարկված լինի, որը տեսաձայնագրությամբ չի երեւա»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ նշեց, որ ցուցմունքը այսպես թե այնպես գրավոր արձանագրվում է, հետեւաբար ասել, որ տեսաձայնագրելով կաշկանդվելու են՝ տեղին չէ: Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մեկ այլ դժգոհություն ուներ. «Չեք թողնում՝ անգամ ԱԺ-ում քննարկել նախագիծը, հնչեցնել կարծիքները: Դա նշանակում է, որ որոշումները ԱԺ դահլիճում չեն ընդունվում, սա ընդամենը արարողակարգ է»: Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր խորհրդարաններում սա սովորական ընթացակարգ է: