Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կյուրեղյանին պատժախուց են տարել հնչեցրած արտահայտությունների համար». պաշտպան (տեսանյութ)

Քաղաքականություն
sergey-kyurexyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանին   հոկտեմբերի 25-ին հինգ  օրով տեղափոխել են պատժախուց: «Երեկ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները մուտք են գործել նրա խուց եւ նրան ասել են՝ պատրաստվիր:  Հարցին, թե ինչի?ն պատրաստվի, ասել են, որ պատժախուց ես գնում»,- տեղեկացրեց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Դրանից հետո նոր միայն ըստ պաշտպանի՝ հրապարակել է   Նուբարաշեն ՔԿՀ պետի որոշումը. «Այնտեղ նշված է, որ Սերգեյ Կյուրեղյանի հագուստը պատշաճ տեսք չունի, ինչպես նաեւ չի ենթարկվել ՔԿՀ աշխատակցի օրինական պահանջին: Հայաստանի ՔԿՀ-ներում բոլորն էլ քաղաքացիական հագուստներով են, հագուստի նմուշ չկա, որ պետք է կրեն կալանավորված անձինք»,- ասաց փաստաբանը: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը  պնդում է՝ որեւէ պահանջ չի ներկայացվել, իսկ հագուստը մինչ այդ որեւէ խնդիր չի առաջացրել. «Դա կեղծ պաշտոնական հայտարարություն է:  Հասկանալի է, որ իրական պատճառը նախօրեին դատական նիստի ժամանակ նրա  հնչեցրած որոշ արտահայտությունները, գնահատականներն են եղել»:  Երկու օր առաջ «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ընթացքում Կյուրեղյանը նման հայտարարություն էր արել՝ դիմելով  նախագահող դատավոր Արթուր Օհանյանին. «Եռագույնը, զինանշանը, որը ձեր հետեւում կախված է, այդտեղ չպիտի լիներ, պիտի մեր մոտ լիներ։ Ձեր մոտ պիտի Չեբուրաշկայի նկարը կախվեր։ Եռագույնը, զինանշանը պատկանում է մեզ, հայ ժողովրդին»:  Ըստ Մուշեղ  Շուշանյանի՝ հատկապես  «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով նման  գործելաոճ վաղուց է կիրառվում, սակայն ոչ բոլոր դեպքերում է այդ մասին բարձրաձայնվել: