Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ պատգամավորը պարզաբանում է՝ ինչու չի ծառայել և ինչի համար է պատվոգիր ստացել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Mirzoyan

Ընդդիմադիր Արարատ Միրզոյանը նախարարի օրինագծին դեմ է, ինքն էլ չի ծառայել եւ խորհրդարանի ամբիոնից Վիգեն Սարգսյանը փորձեց այդ փաստն օգտագործել պատգամավորի դեմ։ ԵԼՔ խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը հակադարձում է. «Բանը նրանում է, որ ես օգտվելով տարկետման իրավունքից ասպիրանտուրա սովորելով եւ պաշտպանելով դրանից հետո ես հիմա հանդես եմ գալիս այդ ինստիտուտի պաշտպանման օգտին, այսինքն, էդ փաստարկը տեղին կլիներ, եթե ես հակառակը անեի, ինչպես անում են Շարմազանովը, Կորյուն Նահապետյանը, Արմեն Աշոտյանը, Միհրան Հակոբյանը»: Բանակում չծառայած պատգամավորին անցյալ տարի պաշտպանության նախարարն  արժանացրել է պատվոգրի, եւ Վիգեն Սարգսյանը նաեւ այս փաստը հիշեց տարակուսելով, որ մեկ օր բանակում չծառայած մարդն ինչպես է պատվոգիր ստացել։ «Ապրիլյան պատերազմի օրերին, էդ ապրիլի 2-ից բանից հետո կամավորագրվել եմ»,- պարզաբանում է Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանը շատ արագ մի քանի ժամում Նուբարաշենի զորամասում արագացված վարժանքներ է անցել, ստացել է զենք ու մեկնել Ղարաբաղ: Ադրբեջանական դիրքերի վրա կրակել սակայն այդպես էլ պարոն Միրզոյանին չի վիճակվել. «Խրամատների ամրացման գործեր էինք անում»: Հիշեցնենք, որ այսօր Վիգեն Սարգսյանը Ելքի պատգամավորից փորձում էր տեղեկանալ, թե վերջինս իր կյանքում ո՞վ է եղել բանակի համար: Արարատ Միրզոյանը դեռ առիթ չի ունեցել ամբիոնից նրան պատասխանելու: Հանրապետական Կարեն Ավագյանը բանակում ծառայելու կարիք չուներ, ինքը որպես բժիշկ զորակոչված է եղել հենց համալսարանն ավարտելու օրվանից. «Ես հիմա պահեստազորի սպա եմ, բուժական գծով լեյտենանտ»: Պարոն Ավագյանը դատական բժիշկ է եւ սպասարկել է պաշտպանության նախարարությանը: Բժշկական մասնագիտության ընտրությունը եւ նույնիսկ գիտական գործունեությունը ոչ մի բժշկի չի կարող ազատել բանակից: Վիգեն Սարգսյանի օրինագիծն, ըստ հանրապետական պատգամավորի, չի խանգարում, որ ապագա գիտնականը զբաղվի գիտությամբ, պարզապես 18 տարեկան դառնալուց անմիջապես հետո նա պետք է ծառայի: Օրենքի ընդունումից հետո արդեն բուհեր ընդունվածները բանակից խուսափելու միայն մի տարբերակ ունեն. «Մագիստրատուրայից հետո ասպիրանտուրայով կարող են խուսափել եւ անգամ ասպիրանտուրայից հետո եթե իրենք պաշտպանում են թեկնածուական թեզը, իրենք պետք է անպայման աշխատեն գիտական-կրթական հաստատությունում: Այսինքն, դրանց վերջնական թիվը մոտ 100 է, ովքեր աշխատելով պաշտպանելով մնում են չզորակոչված»: Պատգամավորը հերքում է, թե պաշտպանության նախարարի այս օրինագիծը նշանակում է, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի, բայց եթե խաղաղություն ենք ուզում, պետք է դրան պատրաստ լինենք: