Կարո Եղնուկյանի խափանման միջոցը չփոխվեց, բայց նրան կտեսակցեն (տեսանյութ)
«Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատական նիստին հանրային պաշտպան Աննա Ջուվանովան այսօր չէր ներկայացել։ «Հիվանդ, տեղաշորով պառկած է՝ չնայած հեռախոսազանգով տեղեկացրեց՝ Գիչյանը չի առարկի, որպեսզի այսօրվա դատական նիստին չմասնակցեմ»,- դատարանում տեղեկացրեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը չառարկեց, որպեսզի նիստն անցնի առանց իր պաշտպանի: Դատական նիստի սկզբում «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպանը հայտարարում է նոր հանգամանքի մասին, որն առաջ է եկել «Սասնա ծռեր» գործը կրկին բաժանելուց հետո: Արդեն առկա է ոչ թե մեկ, այլ մի քանի մեղադրական եզրակացություն, եւ միջնորդեց, որ դատախազությունը ներկայացնի մեկ ընդհանուր եզրակացություն։ «Մեղադրական եզրակացության մեջ պետք է նշվեր մեղադրանքը ապացուցող փաստեր եւ ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները»,- ասաց Տիգրան Հայրապետյանը: Դատավորը որոշեց այս միջնորդության քննարկումը հետաձգել: Այսօր դատարանը պարզեց 11 ամբաստանյալների ինքնությունը, գործով ներգրավվեց պաշտպաններին, ինչպես նաեւ ներկայացրեց դատախազներին: Թեեւ դատախազներից Պետրոս Պետրոսյանը այսօր չէր մասնակցում նիստին, սակայն դա չխանգարեց, որ Կարո Եղնուկյանը հիշի՝ նա մեկ այլ գործով անցնող ամբաստանյալին՝ Ներսես Պողոսյանին «արա»-ով է դիմել. «Իր նկատմամբ սանկցիա չի կիրառվել, հիմա եթե ես ասեմ աղջի Պետրոս, իմ նկատմամբ սանկցիա կկիրառե՞ք, թե՞ ոչ»,- դատավորին հարցրեց Կարո Եղնուկյանը: Արտուշ Գաբրիելյանն էլ պարզաբանեց, որ նա իրավունք չունի նման բան ասելու: Այսօրվա դատական նիստին Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին: «Դատավոր Գաբրիելյանը ամբաստանյալների եւ նրանց պաշտպաններին մեղադրում է անկարգապահ լինելու մեջ, կամ որ նույնն է, ունի հստակ ընդգծված բացասական կարծիք: Որոշման ամբողջ տրամաբանությունը եւ շարադրանքը կայանում է նրանում, որ դատավոր Գաբրիելյանը 3 ամիսների ընթացքում իր համար բացառապես մեկ հանգամանք է պարզել՝ այն է, պաշտպանական կողմը անզուսպ է, չունի անհրաժեշտ կրթադաստիարակչական անհրաժեշտ եւ բավարար մակարդակ, խոչընդոտում է գործի քննությանը»,- ասաց պաշտպանը: Փաստաբանը հռետորական հարց ուղղեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին. « Գործն անջատելու որոշումից հետո այդ նույն անձինք դարձյալ ձեր առջեւ են, որոշմամբ միայն քանակական փոփոխություն է կատարվել, ինչ է, հիմա չե՞նք խոչընդոտելու, թե՞ որոշման միջոցով բարձրացավ մեր մակարդակը»: Ինքնաբացարկի միջնորդությանը միացավ փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: Նաեւ որոշեց մերժել Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաեւ նրա մասով գործն անջատելու միջնորդությունը, փոխարենը թույլատրեց մերձավոր ազգականների եւ հարազատների հետ տեսակցությունները եւ հեռախոսազանգերը: