«Ամոթ է, որ Արամ Խաչատրյանին թողած՝ ինչ-որ բան ենք փնտրում» (տեսանյութ)
Ակադեմիական ձևաչափ, պրոֆեսիոնալ գործիքավորում, ջազային երևակայություն: Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը «Խաչատրյանը և ջազը» նախագիծն է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով ավելի ճիշտ կլինի անվանել, ոչ թե նախագիծ, այլ գաղափար: Արդեն երրորդ անգամ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը կներկայացնեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որ կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։ Մենակատարներ են՝ Վահագն Հայրապետյան և Արմեն Հյուսնունց: Եթե սկզբում մտավախություն կար, ապա գաղափարակիցներ Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը վստահ են, որ այս նախագիծը ապացուցեց, որ կայացած է, որ գոյության իրավունք ունի, չնայած կարող է և քննադատության ենթարկվել: «Սա առաջին համագործակցությունը չէ,- ասում է Արմեն Հյուսնունցը,- սակայն ամեն անգամ ավելի հղկվում է, նոր գործիքավորումներ են ավելանում, և որոշ գործերում այնքան ներդաշնակ հնչողություն է ստացվում, որ կարծես թե հենց այդպես էլ գրված են եղել, այնքան բնական են հնչում: Իմ խորին համոզմամբ, Խաչատրյանին կարելի է մոտենալ ջազային մտածողությամբ, քանի որ նրա երաժշտարվեստի հիմքը ազգային երաժշտության ակունքների վրա ստեղծագործված երաժշտություն է, իսկ այնտեղ, որտեղ կա հստակ ազգային հիմք, ջազային մտածելակերպն անելիք ունի: Իսկ գործիքավորումից շատ բան է կախված անշուշտ»: Ջազային գործիքավորմամբ կհնչեն հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ, նաև Խորհրդային Հայաստանի հիմնը, որի մշակման հեղինակը Վահագն Հայրապետյանն է: «Մերը թողած, ուրիշ տեղ ինչ-որ բաներ ենք փնտրում, ու մեր ամոթնա, որ Արամ Խաչատրյանի նման կոմպոզիտոր ունենալով, որով հպարտանում ենք, ով մեզ համար օրհներգ է գրել, մենք թողած այսօր ինչ-որ բան ենք փնտրում»: Վահագն Հայրապետյանը վստահ է, որ նախագիծը անպայման իր շարունակությունը պետք է ունենա նաև այլ կազմեր կարող են ընդգրկվել, օրինակ ժողգործիքներ, քանի որ այս գործիքներն են մեր երաժշտության համն ու հոտը: «Սա նորարարական պրոեկտ է,-ասում է նա:-Խաչատրյանը միայն մերը չի եղել, աշխարհինն է եղել ու պետք է այս նախագիծը աշխարհով մեկ գնա»: Գաղափարի հեղինակ Սերգեյ Սմբատյանի խոսքով, միջազգային չափանիշներին ավելի քան համապատասխան, դրական լիցքեր հաղորդող այս նախագիծը, հաջորդ տարի Արամ Խաչատրյանի 115-ամյակին նախատեսում են ներկայացնել միջազգային բեմերում: