Ուսանողներին աջակցում են նույնիսկ զորամասերի զինվորները եւ նրանց ծնողները (տեսանյութ)
Տարկետում պահանջող ուսանողներն իրենց պայքարն արդեն համարում են քաղաքական: Բայց դա չի նշանակում, որ դասադուլավորներին առաջնորդող Դավիթ Պետրոսյանը իրենց պայքարի ինչ-որ փուլում կպահանջի քաղաքական գործիչների հրաժարականներ. «Պետք չի յուրաքանչյուր հարց դիտարկել հրաժարականի մակարդակով, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը եւս մի անգամ հիասթափություն է ապրում: Մենք էդ սխալներից արդեն սովորել ենք եւ էդ պայքարի ձեւը սովորել ենք ու էդ մակարդակին չենք հասել»: Դավիթ Պետրոսյանը նկատում է, որ իրենց պայքարն արդեն ավելի ընդգրկուն է դարձել, ուսանողներին աջակցում են նույնիսկ զորամասերի զինվորները եւ նրանց ծնողները: Երիտասարդը չի վախենում, որ օրենքի ընդունումից հետո բուհերի ղեկավարները հաշվեհարդար կտեսնեն «Տարկետում լինելու ա» շարժման ուսանողների նկատմամբ. «Այն մարդիկ, որոնք կփորձեն այդպիսի միջոցներ գտնել, էդ մարդկանց մասին խոսելն ուղղակի անիմաստ է-խոսում է հաշվեհարդարի մասին եւ ասում, որ ոչինչ չի բացառվում էս կյանքում»: Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ուսանող Էդուարդ Սողոմոնյանը համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմացի նստարանից հետեւում է ցուցարարներին՝ ոչ մի կերպ չի հասկանում նրանց ուզածը: Ինքը ծառայել է բանակում եւ վերադարձել հարազատ բուհ, մյուսներն էլ կարող են նույնը անել. «Ավելի լավ ա թող սոցիալ տնտեսական պայմանների դեմ ցույցեր անեն, կամ չգիտեն որոշ նախագծերի, որոնք արտագաղթը խթանում են»: Այլ կարծիքներ՝ տեսանյութով