«Ադրբեջանն ասում է՝ մեզ պետք չէ հակամարտության կարգավորումը հիմնական սկզբունքներով» (տեսանյութ)
Ադրբեջանի գործողությունները չեն համապատասխանում խոսքերին,-այսօր ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Բաքվի այն միտքը, թե իրենք ուզում են Ղարաբաղի հակամարտության շտապ կարգավորում. «Բառացիորեն վերջինը՝ Սանկտ Պետերբուրգում եւ Վիենայում մենք ինչ-որ բանի շուրջ պայմանավորվեցինք: Ադրբեջանը կրկին նահանջ քայլ կատարեց, վերադառնալով Բաքու Վիենայի հանդիպումից հետո նրանք ասեցին, որ մենք ոչինչ չենք պայմանավորվել»: Նալբանդյանը հիշեցնում է, որ Հայաստանն արդեն ադրբեջանցիների հետ պայմանավորվել է կարգավորման երեք սկզբունքների՝ ուժի չգործադրում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման հարցերի շուրջ: ԵԱՀԿ-ի բոլոր արտգործնախարարները համաձայն են այս դրույթների հետ. «Ի՞նչ է հետո տեղի ունենում՝ հիմա ադրբեջանցիները չեն ուզում ընդունել այդ երեք սկզբունքները»: Ինչպե՞ս Ադրբեջանը կարող է արագացնել հակամարտության լուծումը,-հարցնում է Հայաստանի արտգործնախարարը: Սեղանին արդեն դրված են հակամարտության լուծման հիմնական սկզբունքները. «Ադրբեջանն ասում է՝ մեզ պետք չէ հակամարտության կարգավորումը հիմնական սկզբունքներով: Իսկ դուք ասում եք՝ ճեղքում»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ Բաքվում ինքը ներկայացրել է հակամարտության լուծման բոլոր նրբությունները: Դրանք մեկ փաթեթի մեջ են, եւ շատ դժվար է վերցնել մեկ, երկու կամ երեք դրույթ եւ ասել՝ եկեք սրանց շուրջ պայմանավորվենք: Մյուս կոմպոնենտները բալանսավորող նշանակություն ունեն եւ առանց դրանց արդյունքն այն չի լինի. «Ես չափազանց լավատեսություն չեմ ցուցաբերի, խնդիրը բարդ է, եւ մեր բանակցությունների ամբողջ փորձը ցույց է տալիս, որ նրանք արագ չեն ավարտվի, ցավոք»: Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարը այսօր տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում չի սպասվում: