Իսկ եթե ընտանեկան բռնությունից տուժածները որոշեն միմյանց մխիթարե՞լ. բուռն քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)
ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Զեկուցողները նշեցին, որ այն խնդիրներն ու մտահոգությունները, որոնք հնչել են հանրային քննարկումների ժամանակ, լուծումներ ստացել են: Հարց հնչեց, թե ինչ պետք է հասկանալ «այլ բռնի գործողություններ», «ֆիզիկական տառապանք» եզրույթները: Պարզաբանվեց, որ այդ ձևակերպումներն առկա են Քրեական օրենսգրքում և այս օրենքում որևէ նոր բան գրված չէ: Մեկ այլ հարց՝ եթե երեխան ուզում է ժամը գիշերվա 1-ին դուրս գալ, ծնողը թույլ չի տալիս, բռնի գործողությո՞ւն է, թե՞ ոչ: «Եթե այդ նույն ձևակերպումները կան մեր Քրեական օրենսդրության մեջ, և ոչ մեկի մտքով չի անցնում՝ թևից քաշելը մտցնել այդ բռնի գործողությունների տակ, ապա ինչու պետք է այս օրենքի պարագայում դա այդպես համարվի... Վստահ եմ, որ երեխային թևից քաշելու համար պատասխանատվության ենթարկելու օրինակներ չենք ունենա»,- նշեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ եթե ծնողը երեխային արգելում է տնից ուշ ժամի դուրս գալ կամ արգելում է որևէ տեղ գնալ, կամ եթե երեխան ընկել է անցանկալի շրջապատ, նրան այնտեղից կտրելը և նմանատիպ օրինակների համար հիմք դարձած ձևակերպումները օրինագծից հանվել են: Երեխաներին կարող են ընտանիքներից վերցնել, կամ մեկուսացնել, կամ երեխաները կարող են առանց ծնողների կամ ներկայացուցիչների տեղավորվել այս կամ այն կացարանում. այս մտահոգությունը փարատելու հետ կապված՝ հստակ ձևակերպում առաջարկվել է, այն է՝ երեխան առանց ծնողների, կամ եթե բռնություն գործադրողը ծնողներից մեկն է, առանց մյուս ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի չի կարող որևէ տեղ տեղավորվել կամ մեկուսացվել կամ վերցվել: Եթե ընտանիքում մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնություն է կիրառվել և դրա կրկնվելու հավանականությունը մեծ է, ապա ոստիկանությունը բռնության ենթարկվածի կյանքի, առողջության ապահովման նպատակով է ոստիկանությունը կայացնում անհետաձգելի միջամտության որոշում: Պատգամավոր Գևորգ Պետրոսյանի անձնական կարծիքով՝ օրենքի նախագիծն անընդունելի է. «Զավեշտալի է վերնագրում ընդգրկված՝ «ընտանեկան համերաշխություն» ձևակերպումը, օրենքով համերաշխությունը վերականգնելը նույնն է, ինչ ասես՝ օրենք՝ ընտանիքում բարձր տրամադրություն առաջացնելու մասին, օրենքով պարտադրես, որ գերիշխեն բարիդրացիական ավանդույթներն ընտանիքում և այլն»: «Ասենք՝ մի տղամարդը մի ուրիշ կնոջ հետ, որոնք 2-ն էլ ընտանեկան բռնությունից տուժած են, էդ օրը որոշեն իրար մխիթարել: Ու հանկարծ որ չստացվի, ի՞նչ ա սպասվում էդտեղ»,-հարցնում է պատգամավորը: Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութով