ՍՊԱՍՈւՄ ԵՆ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՈրպեսզի նորմալ պայմաններում աշխատեն
«Ա1+»-ի հարցերին է պատասխանում Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը: -
>-Պարոն Պետիկյան, վերջերս հայ մարզիկները ելույթ ունեցան Եվրոպայի առաջնությունում: Որքանո՞վ արդարացան Ձեր սպասելիքները: -
-Գնդակային հրաձգության 2007թ. Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցել է 4 մասնակցով` 2 մեծահասակ, 2 երիտասարդ: Երիտասարդներից մասնակցում էին Փիլոսյան Անդրանիկը եւ Վարդումյան Ռոմիկը: Վերջինս երիտասարդների մեջ ամենաերիտասարդն է եղել եւ գրավել է 18-րդ տեղը` 567 միավորով: Իսկ Փիլոսյան Անդրանիկը 559 միավորով գրավել է 31-րդ տեղը: Մեծահասակներից Նորայր Բախտամյանը վաստակել է 578 միավոր եւ գրավել 10-րդ հորիզոնականը, իսկ Ոսկանյանը Ռոբերտը 567 միավորով հայտնվել է 41-րդ տեղում: Արդյունքները ես համարվում եմ անբավարար: -
-Իսկ ինչո՞վ եք պայմանավորում նման ցածր արդյունքները: Հատկապես մեծ էին սպասելիքները Նորայր Բախտամյանից, որը մեկ անգամ չէ դարձել մրցանակակիր միջազգային ասպարեզներում: -
-Արդյունքների համար անհրաժեշտ են ամենօրյա մարզումներ նորմալ պայմաններում, որոնք մենք չունենք, ուստի մեր մարզիկները մշտապես գնում են հավաքների: Դա մի կողմից իր առավելությունն ունի, մյուս կողմից էլ` իր բացասական ազդեցությունը: Ամբողջ ձմեռ այստեղ անբավարար ջերմաստիճան է եղել (խոսքը Եղիշե Չարենց 72ա հասցեում գտնվող մարզադպրոցի մասին է, որտեղ մարզվում են հրաձիգները խմբ.): -
Մեր հրաձգարանում փայտի վառարան ենք դնում, բայց ամեն դեպքում տարածքը մեծ է եւ մի վառարանը չի բավարարում: Այսինքն` այստեղ պայմաններ չկան: Հիմնական պատճառը սա է: Բայց մարզիկները պետք է սովորեն այդ թերությունները գտնեն իրենց մեջ, ոչ թե բազայի անբավարարության եւ այլ խնդիրների մեջ: Իսկ Բախտամյանը քվոտա ունի (այս մարզիկը նվաճել է օլիմպիական խաղերի ուղեգիր խմբ.) եւ սա համարենք փուլեր են, որ պետք է անցնենք: Հնարավոր է նա փորձում է ինչ-որ նոր մեթոդներ: Այնպես որ ես չեմ համարում, որ նա բոլոր մրցումներում պետք է հաղթի: -
-Այսինքն, եթե Բախտամյանը օլիմպիական խաղերի ուղեգիր չունենար ավելի բարձր տեղ կգրավե՞ր: -
-Եթե նա օլիմպիական վարկանիշ չունենար, ապա մենք արդեն կմտածեինք այդ վարկանիշը ձեռք բերելու մասին: Բայց, քանի որ ունի արդեն կարող է իրեն թույլ տալ ինչ-որ փորձարկումներ կատարել մրցումների ժամանակ: -
-Իսկ Ոսկանյան Ռոբերտը, որը գրավել էր ընդամենը 41-րդ տեղը, դեռ հնարավորություն ունի՞ ձեռք բերելու օլիմպիական խաղերի ուղեգիր: -
Մենք հույս ունենք, որ կկարողանա նվաճել ուղեգիր: Տեսնենք, կստացվի՞, թե՞ ոչ: -
-Իսկ կոնկրետ ե՞րբ Ոսկանյանը հնարավորություն կունենա պայքարել ուղեգրի համար: -
-Մայիսի 3-10-ը Բանկոգում կկայանա աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ կարող է ստանալ վարկանիշ: Մայիսի 28-ից հունիսը 5-ը Մյունխենում կրկին աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է կայանալու: Ամռանը Իսպանիայում է կայանալու նաեւ Եվրոպայի առաջնություն, որտեղ եւս հնարավոր է օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: -
-Դուք նշեցիք, որ պայմաններ չկան: Կարելի՞ է ասել, թե օլիմպիական մարզաձեւ համարվող հրաձգությանը Հայաստանում գրեթե ուշադրություն չեն դարձնում: -
Ես չէի ասի, թե քիչ է ուշադրություն դարձվում: Անցած տարվանից մենք բավական մեծ քայլերով առաջ ենք գնում: Դրանից առաջ էլ է եղել ուշադրություն, բայց դա բավարար չէր: Կոնկրետ հենց հիմա շինարարություն է գնում 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների կենտրոնական մասում, որտեղ կառուցվում է հրաձգության մարզադպրոց իր բոլոր կրակագծերով, որոնք նախատեսված են օլիմպիական ձեւերի համար: Այս մարզադպրոցում գնդակային հրաձգությունից կարող են մարզվել բոլոր 11 վարժություններում:
Բազան համալրված է լիենելու ամենաժամանակակից տեխնիկայով: Անցած տարի ընդամենը 8 զենք ենք ձեռք բերել: Այս տարի մոտ 50 զենք ձեռք կբերենք: Այնպես որ հիմա այդքան էլ վատ չի մարզաձեւի վիճակը, այսինքն` սպասում ենք, որ լավ է լինելու: Եւ իրոք լավ է լինելու, քանի որ մարզադպրոցը շահագործման ենք հանձնելու տարեվերջում: Այն կառուցվում է «Հայաստան» հիմնադրամի միջոցներով: Իսկ զենք-զինամթերքը ձեռք է բերվում սպորտկոմիտեի միջոցներով: -
-Հայաստանում գործող մարզաձեւերի ներկայացուցիչները դժգոհում են պետության կողմից հատկացվելիք գումարի սակավությունից: Հրաձգությունում նույնպե՞ս կա նման խնդիր: -
-Ցանկալի կլիներ, որ գումարները ավելի շատ լինեին, բայց արդյո՞ք մենք ունենք դրա հնարավորությունը: Ինչ խոսք, թե գումարները ավելի շատ հատկացվեին, ապա ավելի շատ ծրագրեր կիրականացնեինք, ավելի շատ երեխաների կտանեինք մրցումների: Եվրոպայի առաջնությանը տարանք 4 մարզիկ, բայց կարող էինք տանել 10-ի, որոնցից շատերը հետագայում կարող էին արդյունքի հասնել: Մեր մարզադպրոցը 7-8 տարվա պատմություն ունի, իսկ այդ ժամանակահատվածում միջազգային կարգի մարզիկները պատրաստելը հեշտ չէ: -
-Որքա՞ն գումար է հատկացնում սպորտկոմիտեն հրաձգությանը: -
-Միջոցառումների համար 29 մլն դրամ: Քանի որ մեզ մոտ բազա չի եղել, մենք շատ փող ենք ծախսում հավաքների կազմակերպման համար: Իսկ երբ բազան լինի, արդեն հնարավորություն կունենանք վերը նշված 10 հոգուն տանել մրցումների, որովհետեւ այլեւ կարիք չի լինի մեկնել արտասահման մարզվելու համար: -
-Իսկ նորակառույց մարզադպրոցում մարզվելու հնարավորություն կունենան միայն երեւանցինե՞րը, թե՞ մարզերից եւս հրաձիգները կներգրավվեն: -
-Դա կախված է արդյունքներից: Եթե մարզերում բարձր արդյունքներ լինեն, բնականաբար հավաքներից նրանք եւս կմասնակցեն: Այսօրվա դրությամբ մարզերում աղետալի վիճակ է: Գրեթե չկա զենք-զինամթերք: Կա մշակված ծրագիր մարզաձեւը հանրապետությունում զարգացնելու համար: Հուսով եմ այդ ծրագիրը հաջորդ տարի կհաստատվի եւ մարզերում էլ կկարողանանք պայմաններ ստեղծել, իհարկե այն չափ, որ Երեւանում է լինելու: Եթե այստեղ կրակագծերի քանակը 59-ն է, ապա մարզերում 20-25-ն էլ կբավականացնի, քանի որ հրաձգությամբ մարզվողների թիվը այդքան շատ չի էլ լինի: Հիմա ինչ նախատեսում կամ պլանավորում ենք, սպասում ենք, որ այս մի քանի ամիսն էլ անցնի, երբ պատրաստ կլինի մարզադպրոցը, որպեսզի նորմալ սկսենք աշխատել: -
-Թեեւ օլիմպիական խաղերին դեռ բավական ժամանակ կա, սակայն չեմ կարող չհարցնել, թե ի՞նչ սպասելիքներ ունենք այնտեղից: -
-Կա օլիմպիական կարգախող. «Կարեւորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթելը»: Բայց ես 100%-ով համոզված եմ, որ օլիմպիական խաղերում ցանկացած մարզիկ հոգու խորքում ցանկանում է հաղթել: Ինչ խոսք, մենք սպասում ենք նորմալ արդյունքների: Բայց ինչ կլինի դա հայտնի կդառնա խաղերի օրերին: Հրաձգությունում կարեւոր է, որ կարողանան ցույց տալ այն արդյունքը, որին ընդունակ է: -
Օլիմպիական խաղերի մասնակիցների 90%-ը պոտենցիալ օլիմպիական չեմպիոն են, որովհետեւ նրանք շատ բարձր արդյունքներ են ցույց տվել եւ եթե կարողանան այդ օրը կրկնեն նախկին արդյունքը, ապա կհաղթեն: Բայց ոչ բոլորն են կարողանում դա անել, քանի որ դրա հետ կապված մի շարք գործոններ կան:
Զրուցեց Արթուր Նազարյանը