Այս տարի Մայր Տաճարի Ջրօրհնեքի արարողության Խաչի կնքահայրն էր ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց հայրապետական Սուրբ Պատարագ:
Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո խաչվառազարդ թափորը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով առաջնորդեց դեպի Մայր Տաճար:
Հայրապետական ամպհովանին կրում էին գնդերեցներ Վոլոդյա սարկավագ Նաջարյանը, Գևորգ սարկավագ Միրզոյանը, Արթուր սարկավագ Արամյանը և Սուրեն սարկավագ Ջանիբեկյանը։
Հայրապետական իր օրհնությունը բաշխելով բարեպաշտ ժողովրդին՝ Հայոց Հայրապետը «Հրաշափառի» ներքո մուտք գործեց սուրբ տաճար։ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարված երկրպագությունից հետո Նորին Սրբությունն ուղղվեց դեպի Ավագ խորան, որտեղ սկսվեց Հայրապետական Սուրբ Պատարագը։
Սրբազան արարողությանը՝ որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Հայրապետական պատարագին այս տարի մասնակցում էին նաև տարբեր եկեղեցիներում ծառայող փոքրիկ դպիրներ` ի գնահատություն իրենց նվիրյալ սպասավորության:
Ծննդյան Սուրբ Պատարագի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը փոխանցեց «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսը՝ տոնի առիթով ամենքին ուղղելով իր հայրապետական պատգամը։
Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր Տաճարի Ջրօրհնեքի արարողության Խաչի կնքահայրն էր ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Սուրբգրային ընթերցումներից և Ջրօրհնյաց շարականների երգեցողությունից հետո Գարեգին Բ Հայրապետն ընթերցեց Ս. Բարսեղ Կեսարացու Ջրօրհնյաց աղոթքը: Այնուհետև ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Սրբալույս Մյուռոնը Մկրտության ավազանից բարձրացրեց Ս. Խորան և մատուցեց Վեհափառ Հայրապետին։ Ս. Մյուռոնով ու խաչով ջուրը օրհնելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի Ջրօրհնյաց խաչը փոխանցեց խաչի կնքահորը:
Սուրբ Պատարագի և Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ և ՀՀ Կառավարության անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով Մայր Տաճարի շրջափակում համախմբված ժողովրդին, թափորով ուղղվեց դեպի Մայր Աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն, ուր տեղի ունեցավ ընդունելություն։ Նորին Սրբությունը ընդունելության մասնակիցներին վերստին ուղղեց իր բարեմաղթանքները Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հուսառատ տոնի առիթով՝ աղոթելով հայրենի երկրի խաղաղության ու առաջընթացի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի բարօրության համար:
