Դուք ծաղրում եք մեզ, գարշելի դատարան է. Պավել Մանուկյանը՝ դատավորին (տեսանյութ)
«Սասնա Ծռերի» 10 անդամների գործով դատական նիստին Պավել Մանուկյանը դատախազի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, նշելով, որ չի կարող հանդուրժել այս դատավարությունը։ «Դուք ծաղրում եք մեզ, ոչ մի հարգելի դատարան գոյություն չունի, գարշելի դատարան է»,- ասաց նա։ Դատավոր Մեսրոպ Մակյանը մի քանի անգամ նախազգուշացրեց Պավել Մանուկյանին, այնուհետև որոշեց նրան մեկ ժամով հեռացնել նիստերի դահլիճից։ Դատավորը նշեց, որ յուրաքանչյուր ոք ունի ինքնասիրություն և որևէ մեկի ինքնասիրությունը բարձր կամ ցածր չէ մյուսից։ Ի դեպ, այսօր դատարանը գրություն էր ստացել դատական կարգադրիչներից, որ ապակիներից այն կողմում գտնվող քաղաքացիներ Ռիտա Դանիելյանը և Ստելլա Աղաջանյանը վիրավորական արտահայտություններ են հնչեցնում։ Դատավորը Ստելլա Աղաջանյանին զգուշացրեց իրեն կոռեկտ պահել։ Վերջինս սակայն չհամաձայնվեց և հայտարարեց, որ իրեն նույնկերպ է պահելու։ Դատավորը որոշեց նրան 5 ժամով հեռացնել նիստերի դահլիճից։ Սակայն կինը դուրս չէր գալիս և կարգադրիչները ուժ կիրառելով նրան հեռացրին դահլիճից։ Ի դեպ կարգադրիչները հայտարարել էին, որ Ստելլա Աղաջանյանը խմած է մտել նիստերի դահլիճ։