ՀՀ-ի վարկանիշը Ադրբեջանից ցածր է՝ որպես գործարարության համար լավագույն երկիր. Առավոտ
Forbes ամսագիրը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու 2017 թվականի լավագույն երկրների ցանկը: 153 երկրներից Հայաստանն այս ցանկում զբաղեցնում է 88-րդ տեղը՝ Մոլդովայից հետո: Հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Թուրքիան եւ Ռուսաստանն այս ցանկում Հայաստանից բավականին առաջ են, այսինքն՝ ավելի բարենպաստ երկիր են գործարարությամբ զբաղվելու համար: Ադրբեջանն այս ցանկում զբաղեցնում է 70-րդ տեղը, իսկ Վրաստանը` 52-րդ, Թուրքիան՝ 56-րդ տեղը, ՌԴ-ն՝ 58-րդ: Forbes-ը Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակի մասին գրում է՝ «ՀՀ-ն ունի ընդամենը 2 բաց սահման՝ Իրան եւ Վրաստան, որոնց միջոցով կարողանում է առեւտուր իրականացնել: Մյուս հարեւան երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները փակվել են դեռեւս 1991 եւ 1993 թվականներին՝ Ադրբեջանի հետ մինչ օրս շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում»: Ըստ էության, Forbes-ը նկատում է, որ պատերազմական իրավիճակը խոցելի է դարձնում Հայաստանին գործարարությամբ զբաղվելու համար: Ֆինանսատնտեսական ամերիկյան այս հեղինակավոր ամսագիրը նշում է՝ Հայաստանի կառավարությունը, թեեւ, վերջին տարիներին որոշակի բարեփոխումներ է իրականացրել հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում, սակայն հակակոռուպցիոն միջոցառումները հիմնականում անարդյունավետ են: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով