«Մենք ի վերուստ մեծ իլյուզիա չենք ունեցել» (տեսանյութ)
ՀՀ նախագահի երդմնակալության ԱԺ հատուկ նիստին գրանցվեց 92 պատգամավոր: Ելք խմբակցությունը չէր մասնակցում։ Գագիկ Ծառուկյանը ներկա չէր՝ արտերկրում է, բայց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հիմնական մասը ներկա էր: «Մենք կողմ ենք քվեարկել նոր նախագահի երդմնակալությանը, եւ դա մենք առանձնահատուկ ձեւով որոշում չենք կայացնում՝ մասնակցնեք, թե ոչ: Բայց ես գտնում եմ, որ ճիշտ էր, ովքեր որ եկել են. մասնակցությունը դա ընդիմություն լինել-չլինելով չի պայմանավորված: Ինչ է՝ նիստին չմասնակցենք, դա մեր նիստն է՝ հատուկ նիստ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ կան, որոնց հարմար չի եղել այսօր ներկա գտնվելու եւ կարծում եմ՝ յուրաքանչյուր պատգամավոր եւ պաշտոնյա ներկա չգտնվելու պարագայում իր պատճառներն ունի»,- մեզ հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Սահմանադրությամբ Հայաստանի չորրորդ նախագահը խիստ սահմանափակ լիազորություններով է օժտված լինելու: «Մենք ի վերուստ մեծ իլյուզիա չենք ունեցել, թե նոր նախագահական ինստիտուտն ինչ պետք է լինի, ու ես միշտ ասել եմ՝ սա քաղաքական ինստիտուտ չէ, սա սահմանադրական, ներկայացուցչական ինստիտուտ է՝ իրեն վերապահված որոշակի լիազորություններով: Ես չեմ ասում, որ դա վատ է, շատ է, քիչ է, այն ունի, ինչ ունի: Ավելի շատ ես սա դիտարկում եմ չեզոք դիրքից գտնվող մարդու դերակատարություն՝ տարբեր տիպի առճակատումների՝ ընդդիմություն-իշխանություն, ինքը կարողանա ոչ թե արբիտրի դերակատարություն, այլ կոնսոլիդացնող, ավելի դեպի մեղմացնող դերակատարություն ունենալ»,- նկատեց Միքայել Մելքումյանը: «Նոր քաղաքական համակարգի լրջագույն փոփոխություններն են տեղի ունենում, թե ինչպիս զարգացումներ եւս պետք է տեղի ունենան, առաջիկայում մենք կտեսնենք: Առաջիկայում կտեսնենք՝ որ լիազորություններում որ պաշտոնյան ինչ կերպ կդրսեւորի»,- ընդգծեց Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորները հույս ունեն, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը կլինի արագ ու կոնստրուկտիվ, իսկ թե որակական ինչպիսի փոփոխություններով դա կլինի, ըստ նրանց, դա կյանքը ցույց կտա: