«ԱՐԱՐԱՏԸ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԸ» ԵԶՐԱՓԱԿԻՉՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսեզրափակիչ հանդիպումները: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեցին «Փյունիկը» եւ «Արարատը»: Այս թիմերի միջեւ կայացած առաջին խաղում «Արարատը» հաղթել էր 1:0 հաշվով, ուստի այս մրցավեճում նույնիսկ ոչ-ոքիի դեպքում դուրս կգար հաջորդ փուլ: Առաջին կեսը անցավ բավական աշխույժ պայքարում, իսկ հաշիվը բացվեց 26-րդ րոպեին, երբ Սարգիս Հովսեփյանը մոտ 20 մետր հեռավորության վրա նշանակված տուգանային հարվածով գրավեց «Արարատի» դարպասը:
Այս գոլով փաստորեն Հովսեփյանը ուղղեց առաջին խաղում թույլ տված սխալը, երբ չէր կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը: Ընդունած գոլից հետո «Արարատը» հաշիվը հավասարեցնելու մի քանի հնարավորություններ չօգտագործեց: Ի վերջո «Արարատին» օգնեցին «Փյունիկի» խաղացողները. 77-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանի եւ դարպասապահի անփույթ խաղից օգտվեց փոխարինման մտած Սարգիս Մովսիսյանը` խփելով պատասխան գնդակը:
Հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով եւ «Արարատը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Բանանցի» հետ: Վերջինս այսօր Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում 1:1 հաշվով է ավարտել «Միկայի» հետ հանդիպումը: «Բանանցի» կազմում կրկին աչքի է ընկել Սամվել Մելքոնյանը, որը 26-րդ րոպեին առաջ է մղել իր թիմին: Քիչ անց «Միկայի» առաջատար Արմեն Շահգելդյանը չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոցը: Այնուամենայնիվ 50-րդ րոպեին Շահգելդյանին հաջողվել է գրավել «Բանանցի» դարպասը:
Այսպիսով մայիսի 9-ին, 20:00-ին «Հանրապետական» մարզադաշտում 2007թ. Հայաստանի գավաթը կվիճարկեն «Արարատը» եւ «Բանանցը»: