«Ավելի շատ աղքատությունը մեղմելու, այլ ոչ թե վերացնելու նախարարություն ենք». Մանե Թանդիլյան (տեսանյութ)
ԱԺ-ում 2017թ. բյուջեի կատարողականի քննարկմանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դիտողություն արեց, որ նրա ղեկավար նախարարությունն անվանում են Սոցապ նախարարություն. «Սա անընդունելի է, դուք պետք է պատվախնդիր լինեք, ու այլեւս այդպես չկոչեն»:
Նա նաեւ անդրադարձավ լսողական սարքերի կիրառմանը` նշելով, որ արդեն նախկին իշխանությունները ամեն ինչ արել են անհրաժեշտ քանակով ապահովելու. «Ու այս դեպքում անհասկանալի է, երբ դրսից ինչ-որ մեկը գալիս է (նա ակնարկում էր Էլթոն Ջոնին-խմբ.) ու սկսում է ինքնագովազդվել։ Չի կարելի»:
ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանն էլ հարցրեց. «Մենք շատ լավ գիտենք, որ այսօր աղքատ եւ հարուստ խավերի միջեւ մեծ տարբերություն կա, միջին խավ չունենք, խնդիր ունենք միջին խավի ծավալը մեծացնելու, աղքատության շեմն այսօր շատ հեռու է կենսապահովման նվազագույն շեմից, ի՞նչ ժամկետներում է հնարավոր աղքատության շեմը հասցնել կենսապահովման նվազագույն շեմին»:
Մանե Թանդիլյանը նշեց, որ բեւեռացումը խորացել է հարուստների եւ աղքատների միջեւ, բայց իրենց նախարարության ուղղակի գործառույթի մեջ աղքատության վերացումը չի մտնում. «Ավելի շատ աղքատության ազդեցությունը մեղմելու նախարարություն ենք, տնտեսական զարգացման նախարարության ֆունկցիան է աղքատության վերացումը, մենք մեղմելու նախարարություն ենք»:
Նրան հարց ուղղվեց նաեւ մայրաքաղաքի շենք-շինությունները հարմարեցվեն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի համար։ Արձագանքեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` նշելով, որ նորակառույցների դեպքում այդ պահանջը դրվում է շինարարի առջեւ, իսկ հետո ստուգվում` արդյոք իրականացվել է այդ նորմը. «Մինչդեռ պատկերն անմխիթար է Խորհրդային տարիներին կառուցված շենքերի դեպքում։ Այս հարցում, ճիշտ է, դժվարությամբ, սակայն փորձում ենք իրավիճակը շտկել դպրոցների, պոլիկլինիկաների ու այլ հանրային հաստատությունները հարմարեցնելու առումով»:
Ի դեպ, ի տարբերություն նախորդ ոլորտային քննարկումների, այս անգամ Ելք խմբակցության պատգամավորները ներկա էին բյուջեի կատարողականի քննարկմանը գրեթե ամբողջական կազմով։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց. «Հաճախ տարբեր լաբորատիորիաներ կտրուկ իրարից տարբերվող ախտորոշում են տալիս, մի տեղ ասում են՝ դու հիվանդ ես, մի տես պարզվում է՝ հիվանդ չես։ Նաեւ` շտապօգնության մեքենաների՝ փողոցներով երթեւեկելու կանոնները պետք է հստակ լինեն։ Մեր քաղաքում բազմաթիվ դեպքեր կան, որ շտապօգնության մեքենաների հետ վթարներ են լինում, որովհետեւ վարորդները շարունակում են երթեւեկել, եւ քաղաքացիները բողոքում են, որ շտապօգնությունը ուշանում է, դա նաեւ ժամանակի խնդիրը կլուծի, շուտ կհասնեն: Առաջարկում եմ ոստիկանության հետ համագործակցել` երբ շտապօգնության, հրշեջ մեքենայի ազդանշան են լսում՝ տեղում կանգնեն մյուս մեքենաները»:
Ի պատասխան նախարարն ասաց, որ այդ պրակտիկային բոլորն առնչվել են, կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ, մի քանի ժամվա մեջ հնարավոր է արյան անալիզները փոխվեն. «Վստահ լինելու համար, որ այդ հետազոտությունները ճիշտ են արվում, մենք լուծում ունենք։ Կա համաշխարհային փորձ, որին հետեւելու ենք, ՀՀ-ում գործող բոլոր լաբորատորիաները, անկախ նրանից՝ մասնավոր են, պետական, հիվանդանոցային, թե այլ, ուղարկելու են 10 տոկոս փորձանմուշներ, եթե հանկարծ մի անհամապատասխանություն կլինի, նշանակում է կա այնտեղ խնդիր, որը պետք է լուծվի: Խնդիրները պետք է հետազոտվեն՝ միգուցե ռեակտորների որակն է, տեխնիկայի սխալն է: Միջոցներ կձեռնարկվեն ուղղելու: Իսկ ինչ վերաբերում է շտապօգնությանը, ուսանող տարիներիս հերթապահել եմ շտապօգնությունում, հաճախ հենց շտապօգնության մեքենաներն են խախտում անում։ Միշտ չէ, որ միացնում են ձայնային ազդանշանը, կարծում են, որ միայն լուսայինը հերիք է: Նախ, պետք է հրահանգվի, որ պարտադիր պետք է ձայնային ազդանշանները միացվեն, իսկ օրենքով գրված է, որ մեքենաները պարտավոր են զիջել միմիայն ձայնային ազդանշաններից հետո»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադարձավ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի գործունեությանը եւ հատկապես այդ բնագավառում դեղերի մոնոպոլիային. «Նախնադարյան սարքավորումներով ու մեթոդներով բուժումը հանգեցնում է մահվան»: Նախարար Թորոսյանը վստահեցրեց, որ իր գործունեության մեջ ինքն իր համար երկու առաջնահերթություն է առանձնացրել, որոնցից մեկը հենց օնկոլոգիայի բնագավառում փոփոխություններն են. «Ինչ վերաբերում է դեղերի ներկրման մոնոպոլիային, ապա հիմա կա նախագիծ, որի միջոցով յուրաքանչյուր անձ կկարողանա, պահպանելով անվտանգության բոլոը կանոններն ու բոլոր մյուս ընթացակարգերը, դեղ ներկրել»: