Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատ եմ ափսոսում, որ Խաչատրյանը ընդամենը երեք բալետ է գրել. Ռուբեն Մուրադյան

Մշակույթ
opera3

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում,  հունիսի 8-ին, 11-ին և 13-ին կներկայացնի «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները։ Նախաձեռնության հեղինակը՝ Կոնստանտին Օրբելյանն է։ «Երեքն էլ հեքիաթային բալետներ են, մեր ազգի հպարտությունը, ամեն մեկը յուրովի սիրելի,- ասում է բալետի առաջատար պարող Ռուբեն Մուրադյանը,- և շատ եմ ափսոսում, որ Խաչատրյանը ընդամենը երեք բալետ է գրել, ոչ թե տասը, կամ տասնհինգը»։ «Երբ ես, 1973-ին պետք է բեմադրեի «Գայանեն»՝ մեր օպերայի բեմում, որոշեցի լիբրետոն ձևափոխել,-ասում է թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը։ Դիմեցի Սիլվա Կապուտիկյանին, հետո Պարույր Սևակին, սակայն ի վերջո, նրանց իսկ խորհրդով՝ ես գրեցի։ Բայց դե ինձանից ինչ լիբրետիստ։ Կարևորը այն էր, որ գոնե սյուժետային շատ անհեթեթություններ վերացրեցի»։ Հուլիսի 24-ին, 60 տարի անց՝ «Գայանե» բալետը Ռուսաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ կներկայացվի Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում։ Վիլեն Գալստյանը մեծ ափսոսանքով խոսեց այն մասին, որ ցավոք, կառավարությունը այդպես էլ գումարներ չկարողացավ հատկացնել «Դիմակահանդեսը»՝ Սանկտ-Պետերբուրգ հյուրախաղերի տանելու համար։