Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԹԻՄԱՅԻՆ ՈԳԻՆ ՕԳՆՈւՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Սպորտ

Մայիսի 17-ից լույս 18-ի գիշերը Եկատերինբուրգ մեկնեց Հայաստանի շախմատի կանանց հավաքականը, որը վաղվանից կմասնակցի աշխարհի անդրանիկ առաջնությանը: Հայաստանի կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Անդրեասյանը, Նելլի Աղինյանը եւ Լիանա Աղաբեկյանը:

Հայ շախմատիստուհիները կմրցեն Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Հոլանդիայի, Բոցվանայի, Չինաստանի, Լեհաստանի, Գերմանիայի եւ Վիետնամի հավաքականների հետ: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է լինելու 5 մասնակից, որից մեկը` պահեստային: Հայաստանը իր վարկանիշով մրցաշարում 6-րդն է: Նախքան մրցավայր մեկնելը «Ա1+»-ի հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը:

-Մեր հավաքականի համար բավական դժվար է լինելու պայքարել մրցանակային տեղերի համար, քանի որ պայքարը ընթանալու է 4 խաղատախտակների վրա, այլ ոչ թե 3 կամ 2: Գաղտնիք չէ, որ մենք չունենք մեծ թվով բարձրակարգ շախմատիստուհիներ: Մեր թիմում ընդամենը 3 գրոսմայստեր է: Իսկ Չինաստանը կամ Վրաստանը ունեն տասնյակ գրոսմայստերներ: Իհարկե, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի լավ խաղանք: Առաջնության մասնակցելու լուրը մենք ստացանք մեկուկես ամիս առաջ, երբ Կուբայի հավաքականը հրաժարվեց մասնակցել մրցաշարին: Նրանց փոխարեն մենք հրավիրվեցինք որպես օլիմպիադայում լավ արդյունք ցույց տված հավաքական: Մասնակցությունը կապված է մեծ ծախսերի հետ եւ մեր ֆեդերացիան հոգում է դրանք:

-Նախորդ տարիներին հայ շախմատիստուհիները լավ արդյունքներ են ցույց տվել հավաքականների պայքարում, երբ մրցաշարերը անցկացվում էին 3 նույնիսկ 2 շախմատիստուհիների մասնակցությամբ: Այս անգամ փաստորեն անհամամետ դժվար կլինի: Իսկ ինչո՞վ է պայմանավորված մասնակիցների քանակի ավելացումը:

-Եվրոպայի 2003թ. առաջնությունը անցկացվեց 2 խախատախտակի վրա եւ մեր թիմը դարձավ չեմպիոն: Իսկապես մենք ունեինք 2 շատ ուժեղ գրոսմայստերներ` Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, որոնք լավ մարզավիճակում էին: Իմ կարծիքով, ուժեղ երկրները նոր մրցակարգով փորձում են բացառել պատահականությունները, քանի որ կանանց շախմատում որ ուժեղ երկիր համարվող Հայաստանը կարող է ունենալ 2 լավ շախմատիստուհի եւ արդյունքի հասնել, իսկ 4-ի դեպքում դա շատ ավելի բարդ կլինի: Կարծում եմ սա ձեռնտու է Ռուսաստանի, Վրաստանի պես երկրներին, որոնք գրոսմայստերների քանակի խնդիր չունեն: Մյուս կողմից էլ սա կանանց շախմատը զարգացնելու միտում ունի:

-Շախմատային մասնագետները այս առաջնության ֆավորիտներ են համարվում Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի կանանց հավաքաններին: Դուք եւս այդ կարծիքի՞ն եք:

-Կանանց շախմատը Վրաստանում շատ զարգացած է: Իրենք Նոնա Գաբրինդաշվիլի ունեին, որը դարձավ աշխարհի չեմպիոն եւ կանանց շախմատը այնտեղ շատ ուժեղ զարգացավ: Ինչպես մենք ունեինք Տիգրան Պետրոսյան եւ տղամարդկանց շախմատը այստեղ զարգացավ: Մի պահ նույնիսկ ԽՍՀՄ կանանց հավաքականը ամբողջովին կազմված էր վրացուհի շախմատիստուհիներից: Բացի այդ նրանք մասնակցելու են իրենց ուժեղագույն կազմով, որտեղ մեծ դեր ունի Մայա Չիբուրդանիձեն: Օլիմպիադայում նա չէր մասնակցում, եւ մեզ հաջողվեց հաղթել Վրաստանին: Կարելի է ասել նրանց թիմը առանց Չիբուրդանիձեի եւ Չիբուրդանիձեի հետ միասին մեծ տարբերություն ունի: Եւ ընդհանրապես գրեթե բոլոր թիմերը խաղալու են իրենց ուժեղագույն կազմերով: Նշվում են Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի անունները, սակայն չպետք է մոռանալ օլիմպիական չեմպիոն Ուկրաինայի հավաքականին: Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա նախքան վերջին օլիմպիադան` անցած 4 օլիմպիադաներում նրանք բացահայտ առավելությամբ հաղթեցին: Անցած տարի նրանք հավանաբար փորձնական կազմով հանդես եկան եւ բավարարվեցին ընդամենը 3-րդ տեղով: Ես կարծում եմ, որ Չինաստանում այսօր կանանց շախմատը ուժեղագույնն է աշխարհում: Ռուսաստանը նույնպես շախմատային երկիր է եւ միշտ պայքարել է բարձր տեղերի համար:

-Իսկ ի՞նչ մարզավիճակում է Հայաստանի հավաքականը, որի կազմում ընդգրկված են մեր լավագույն 5 շախմատիստուհիները:

-Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Էլինա Դանիելյանը շատ լավ մարզավիճակում է: Ճիշտ է, մի փոքր մարզական բախտը չբերեց Եվրոպայի վերջին անհատական առաջնության ընթացքում եւ աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք չբերեց: Ամեն դեպքում խաղի որակը բավականին լավ է: Ես հույս ունեմ, որ առաջին խաղատախտակի վրա բոլորի հետ կկարողանա հավասար պայքար մղել: Հույսեր ունեմ նաեւ 2-րդ խաղատախտակի վրա ելույթ ունեցող Լիլիթ Մկրտչյանից, որը գրեթե միշտ հաջող է հանդես գալիս: Ընդհանուր առմամբ վատ չենք նախապատրաստված: Ուսումնամարզական հավաք անցկացրեցինք Ծաղկաձորում մայիս 8-ից 16-ը: Տղամարդիկ շատ – շատ են ուրախացրել մեր ժողովրդին, պետք է աշխատենք մենք եւս հաջողություն ունենալ:

-Կանանց շախմատը մեծ քայլերով առաջ է ընթանում աշխարհում եւ մեծ մասսայականություն է վայելում: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ միայն 2007թ. անցկացվում աշխարհի առաջնություն:

-Միգուցե նպատակահարմար չեն գտել, բայց շատ հաճելի է, որ Հայաստանը առաջին անգամ պետք է մասնակցի նմանատիպ մրցաշարի: Լինելով լավագույն 10 հավաքականների շարքում` արդեն իսկ մեծ հաջողություն է եւ դա խոսում է այն մասին, որ կանանց շախմատը Հայաստանում բավական զարգացած է:

-2008թ. Հայաստանի կանանց հավաքականը կրկին հանդես կգա համաշխարհային օլիմպիադայում: Կարելի՞ է ասել, որ սա ուժերի վերջին լուրջ ստուգատեսն է օլիմպիադայից առաջ:

-Իհարկե, բայց մինչեւ օլիմպիադան այս տարի հոկտեմբերին ունենք նաեւ Եվրոպայի առաջնություն: Դա նույնպես կարեւոր մրցաշար է եւ դա նույնպես ստուգատես կլինի: Աշխարհի առաջնությունը թույլ կտա մեզ իրատեսորեն տեսնել մեր իրական ուժը: Օլիմպիադաների կամ այլ մրցաշարերի ժամանակ շատ հաճախ չես հանդիպում բոլոր ուժեղագույններին, քանի որ կիրառվում է շվեյցարական մրցակարգը: Իսկ աշխարհի առաջնությունը անցկացվելու է շրջանային մրցակարգով`այսինքն բոլոր թիմերը միմյանց հետ մեկական հանդիպում են անցկացնելու եւ վերջնական արդյունք ցույց կտա մեր իրական ուժը:

-Ընդհանրապես նշվում է, որ Հայաստանի շախմատային հավաքականները հաջողության են հասնում թիմային լավ խաղ ցուցադրելու շնորհիվ եւ դա թիմի ներսում տիրող առողջ մթնոլորտի արդյունքն է: Դրա վառ ապացույցն էր նաեւ նախորդ օլիմպիադայում մեր հավաքականի հաջողությունը, որը վարկանիշով զիջում էր մի քանի թիմերի, սակայն հաղթեց մեծ առավելությամբ:

-Օրինակ Ռուսաստանի հավաքականի վարկանիշով միշտ բարձր է, սակայն այնտեղ ամեն մեկը իր պարտիան է խաղում եւ թիմային ոգի չկա իսկապես: Իսկ մեզ մոտ պատկերը այլ է եւ գոյություն ունի թիմային ոգի հասկացությունը, դրա համար էլ թիմային առաջնություններում մեր շախմատիստուհիները եւ շախմատիստները ավելի հաջող են հանդես գալիս: Մանավանդ հիմա, երբ անկախ գրանցված հաշվից հաղթանակի համար 2 միավոր է տրվում եւ կապ չունի, թե դու 4:0 ես հաղթել, թե 2.5:1.5: Ուստի մեր շախմատիստները պետք է ուշադիր հետեւեն նաեւ իրենց խաղընկերների պարտիաներին եւ եթե տեսնենք, որ ինչ-որ մեկը պարտվում է, ապա պետք է ռիսկի դիմեն: Այլ ոչ թե ոչ-ոքի ավարտեն իրենց պարտիան` արդյունքը համարելով նորմալ:

Զրուցեց Արթուր Նազարյանը