«ՀՔԾ պետի հայտարարությունը միջամտություն էր արդարադատությանը». Ռ. Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)
Մարտի 1-ի գործով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի երեկվա հայտարարությունները միջամտություն էր արդարադատությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց գործում որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպան նոր ներգրավված Հայկ Ալումյանը: «Պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից, որոնք կարող են վտանգել դատավարական գործընթացը»: Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ պետը նշել էր, թե տպավորություն է ստեղծվել, որ կազմավորվել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում: Սասուն Խաչատրյանը նաև կարծիք հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ գնահատական կտա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքին՝ հաշվի առնելով հիմնավոր կասկածները և մեղադրանքի հիմքում դրված փաստերը: Հայկ Ալումյանը պնդում է, որ ՀՔԾ պետի հայտարարության մեջ կան վիճելի և սխալ վարկածներ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան էլ հավելեց, որ հայտարարությունները շատ հակասական էին: Վերջինս, անդրադառնալով 0038 հրամանին, նշեց՝ ՀՔԾ-ն պետք է կարողանա ապացուցել անապացուցելին, թե արդյո՞ք այդ հրամանը եղել է՝ նախօրոք իմանալով, որ մարտի 1 լինելու է: Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ չկան փաստեր, որ բանակը բախվել է ցուցարարների հետ: «Բա գործի մյուս մասնակիցներն ինչու՞ նստած չեն, էդ բանակը ներքաշողները, ովքեր բանակը ներքաշում էին քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են և տեսագրություն էլ կա, դրանցից մեկը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է, էդ ինքը շրջապատ չունի՞, որ ինքն ազդի այդ շրջապատի վրա: Այս ի՞նչ ընտրողականություն է»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը: Ըստ նրա՝ այս գործով ցանկացած հայտարարություն ապացուցելու է, որ սա ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան, որպեսզի բողոքարկեն կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Նույն նպատակով Վերաքննիչ դատարան է ներկայացվել ԱԺ 45 պատգամավորների ստորագրություններով միջնորդություն: Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ ստորագրությունների մեծ մասը ՀՀԿ-ական պատգամավորներինն է, ստորագրել են նաև ՀՅԴ որոշ պատգամավորներ: