Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԺԳՈՀ ԵՆ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈւՄ

Սպորտ

Ադրբեջանում եւս դժգոհությամբ են ընդունել ՈւԵՖԱ-ի որոշումը, որի համաձայն «Եվրո-2008»-ի Հայաստանի հետ կայանալիք հանդիպումները չեն կայանալու: Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Շահին Դինիեւը արդեն սկսել էր նախապատրաստվել սեպտեմբերի 8-ին եւ 12-ին նախատեսված հանդիպումներին:

Նա նույնիսկ մտադիր էր Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել օգոստոսի 22-ին Երեւանում կայանալիք Հայաստան – Պորտուգալիա խաղի տեսագրությունը` հայ ֆուտբոլիստների խաղը ավելի լավ ուսումանաիրելու համար: Մեկնաբանելով ՈւԵՖԱ-ի որոշումը` Դինիեւը հայտարարել է. «Եթե ասեմ, թե դրական եմ վերաբերվում, ինձ կանվանեն վախկոտ մարդ, որը խուսափում է Հայաստանի հետ մրցելուց: Եթե ասեմ բացասական եմ վերաբերվում, այլ մեղադրանք կլսեմ: ՈւԵՖԱ-ն որոշել է կանցկացնել այս հանդիպումները եւ մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»:

Դինիեւը գտնում է, որ առանց այս հանդիպումների էլ իր սաները կարող են շրջանցել Հայաստանին ընտրական Ա խմբում, թեեւ այժմ զիջում են հայ ֆուտբոլիստներին. «Մենք դեռ միավորներ վաստակելու հնարավորություն ունենք, իսկ Հայաստանին բարդ խաղացանկ է սպասում»:

«Ազերիսպորտ» ադրբեջանական սպորտային գործակալությունն էլ անդրադառնալով ՈւԵՖԱ-ի որոշմանը` նշել է, որ ՈւԵՖԱ- ն Հայաստանին եւ Ադրբեջանին անվանեց «ոչնչություն». «Մեզ հասկացնել տվեցին, որ քանի որ դուք չեք հավակնում «Եվրո-2008»-ի եզրափակիչ փուլին, ապա խնդրում ենք խաղադաշտ դուրս մի եկեք»:

Day.az ինտերնետային կայքն էլ գտնում է, որ այս որոշումը ձեռնտու էր միայն Ղազախստանին, որը Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հետ պայքարում է Ա խմբում 6-րդ տեղը գրավելու համար: