Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային դիտորդները «բաց աչքերով» և «բաց ականջներով» կհետևեն ընտրություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
ditord

Մոտ 300 միջազգային դիտորդ  ԱԺ արտահերթ ընտրություններն իրենց դիտորդական խոշորացույցի տակ կպահեն:  Այդ նպատակով արդեն Հայաստանում են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական հանձնախումբը: «Հիմնական խումբը կազմված է 13 անդամներից, որոնք տարբեր երկրների ներկայացուցիչներ են: Մեր հիմնական նպատակը ձեր ընտրությունները դիտարկելն ու հասկանալն է, թե որքանով են դրանք համապատասխանում միջազգային եւ ազգային չափանիշներին: Մենք հետևելու ենք ընտրությունների ամբողջ ընթացքին՝ սկսած կուսակցությունների գրանցումից, նախապատրաստական աշխատանքից, ԶԼՄ-ների լուսաբանումից»,-ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրսուլա Գաչեկը: Դեսպանը վստահեցրեց, որ դիտորդները Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում քաղաքական շահեր չեն հետապնդելու. «Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ ուղղակի դիտելու համար: Մենք որեւէ քաղաքական օրակարգ չունենք, մենք այստեղ ենք միայն գործընթացը դիտարկելու:  Մենք հետեւելու ենք այն նույն ստանդարտներին, որոնք կիրառում ենք ցանկացած ընտրությունների ժամանակ, ցանկացած ԵԱՀԿ երկրում»:  Գաչեկի խոսքով՝ իրենք տեղյակ են, թե ապրիլ-մայիս  ամիսներին ինչ է կատարվել Հայաստանում, որը սակայն իրենց դիտորդական  դիրքորոշման վրա որեւէ ազդեցություն չի ունենա: Ընտրություններից հետո միայն, հանձնախումբը կկարողանա ասել՝ հեղափոխությունը որեւէ ազդեցություն ունեցավ ընտրական գործընթացի վրա, թե ոչ: «Այս ընտրություններն իրականացվում են այսօրվա օրենքի շրջանակներում: Մենք որեւէ միտվածություն չունենք, մենք որեւէ նախախնամություն չունենք, մենք աշխատելու ենք բաց ականջներով և բաց  աչքերով եւ արձանագրելու ենք այն, ինչ տեսնելու ենք եւ լսելու ենք»,-նշեց դեսպանը: Ուրսուլա Գաչեկը հայտնեց, որ մոտ օրերս  իրենց խմբին  կմիանա եւս 24 դիտորդ, որոնք իրենց առաքելությունը կիրականացնեն  Երեւանից  դուրս՝ բոլոր մարզերում:  Նրանց հետազոտություններն ավելի երկարաժամկետ կլինեն: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խումբը իր հաշվետվությունը կկազմի ընտրություններից մեկ-երկու ամիս անց: