Տուգանե՞լ սիգ որսացողին, թե՞ ոչ. սիգի որսը ամբողջությամբ արգելված չէ (տեսանյութ)
Հունվարի 10-ին՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր սիգի որսին։ Նա նշել էր, որ զեկուցագիր է ստացել այն մասին, որ 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է: Պարզվում է զեկուցագիր գրողը եղել է Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրինությունը։ Դեկտեմբերի 4-ին են նամակ ուղարկել վարչապետին, երբ դեռ սիգի բուն ձվադրումը չէր սկսել, բայց արդեն եղել են ձվադրող վտառի կուտակումներ։ Հսկողությունը պետք է լիներ հենց այդ ժամանակ, բայց կառավարությունն այն սկսել է դեկտեմբերի 20-ից հետո, երբ արդեն բուն ձվադրումը ավարտվել էր։ «Ցավոք, մինչ այդ վաճառվում էր ոչ միայն այդ հասուն ձկները, որոնք պետք է գնային ձվադրման, այլև նրանց ձկնկիթը, դույլերով էին վաճառվում։ Դա հետագայում մեծ վնաս կբերի արդյունագործական պաշարներին։ Հոկտեմբերի դրությամբ մենք ունեինք մոտ 200 տոննայի ավելացում, ես շատ եմ կասկածում, որ մենք մյուս տարի նույնը կունենանք։ Շատ մեծ քանակի, անխիղճ թալան էր»,- նշեց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։ Մասնագետն ընդգծեց, որ գոնե մեկ տարի չպետք է լինի սիգի որս, պատճառը պաշարների քիչ լինելն է։ Բայց առավել շատ ձվադրման ժամանակ՝ նոյեմբերի կեսից մինչև հունվարի կեսը։ Սիգի որսը օրենքով արգելված չէ։ Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ իրենք առաջարկել են Բնապահպանության նախարարությանը (նախկին կառավարության), որպեսզի ամբողջ տարվա համար արգելվի սիգի որսը, բայց ինչ-ինչ պատճառներով նախարարությունը չէր գրում դրա մասին, այլ գրում էր թե որ ձկնատեսակները՝ երբ կարող են որսալ։ «Երբ մենք հարցրեցինք՝ ինչու՞ չեք նշում, որ սիգը արգելված է, ասում են. դե որ մենք գրում ենք՝ չի նշվում, որ թույլատրվում է, ինքստինքյան ստացվում է, որ արգելվում է»։ Գաբրիելյանը պարտադիր է համարում, որպեսզի նոր կառավարությունը ստույգ նշի, որ կան տեսակներ, որոնք արգելված են։ «Ձկան որսագողությունը ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ, պետք է համալիր ծրագիր ունենալ, պետք է ժողովրդի սոցիալ-տնտեսական հարցերին առանձնահատուկ մոտեցում տրվի, պետք է ձկնորսության համակարգը և պահպանության ձևերը փոխել, որ մենք ունենանք արդյունավետ պայքարի ձև»։ Բարդուխ Գաբրիելյանը անդրադարձավ նաև 2018թ. ամռանը Սևանա լճի կապտականաչ ջրիմուռների ծաղկմանը։ Ըստ նրա՝ 2019թ. ամռանը այն նույնպես սպասվում է։ Դրա պատճառը լճի մակարդակի իջեցումն էր, որը բերել էր ջերմային ֆոնի փոփոխման։ Գաբրիելյանը դրա լուծումը տեսնում է լճի մակարդակը բարձրացնելով։ « Ելնելով այս տարվա կլիմային առանձնահատկություններից, սպասենք, որ կարող է լինել այդպիսի ծաղկում՝ ամռան սեզոնին։ Չի կարելի Սևանի լճի մակարդակը իջեցնել, այլապես մենք կունենանք ճահճացում»։