Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանական ոլորտում հեղափոխություն չի եղել. Լևոն Գալստյան (տեսանյութ)

Տնտեսություն
levon

«ԷկոԼուր»  տեղեկատվական ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպվել էր  «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» «դատական գործ»,  որը քննվում էր  Հանրային բնապահպանական դատարանում: Ըստ իրավաբան Նազելի Բաղդասարյանի՝ Արարատյան արտեզյան ջրավազանում վերջին 10 տարիների ընթացքում ջրային թույլտվություն է տրվել, որն էլ հանգեցրել է  գերշահագործման: «15 մետր ստորերկրյա ջրավազանի մակարդակը իջել  է և մոտ 4000 գյուղացիներ զրկվել են ջրից: Եվ ամեն տարի այդ պատճառով Սևանա լճից  ջրի բացթողում է լինում, որպեսզի  իբրև ֆերմերներին օգնեն, բայց բաց թողած ջրի  80%-ը կորում է ճանապարհներին, որովհետև ցանցը վնասված է: Այն վնաս է պատճառում և՛ Արարատյան դաշտավայրին, և՛ ֆերմերներին, և՛ էկո համակարգին»:  Ըստ իրավաբանի՝ այս տարիների ընթացքում պատկան մարմիններին  դիմել են, բայց ոչինչ չի ձեռնարկվել: Նա կարծում է, որ Հայաստանում բնապահպանության ոլորտում անօրինականությունը շատ է:  Օրինակ՝ հանքարդյունահանությունը: Հարկեր չեն վճարում,  բացի այդ հսկայական վնաս են պատճառում շրջակա միջավայրին: Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն էլ կարծում է, որ Հայաստանում բնապահպանական խնդիրները չվերհանելու ամենահիմնական պատճառը օլիգարխիայի ու պետական համակարգի գործակցությունն է: «Տնտեսական թևը ներկայացնող մարդիկ պատվեր են իջեցրել քաղաքականություն վարողներին,  որ այս թույլատվությունները պետք է տրվեն»: «Դատական նիստից»-ից  հետո դատավոր-իրավաբան Նազելի Վարդանյանը հրապարակեց դատավճիռը: Այն հօգուտ Հայաստանի ժողովրդի էր: «Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը, ինչը հանգեցրել է ՀՀ բնապահպանական աղետի, ճանաչել որպես բնապահպանական հանցագործություն: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել այն պաշտոնատար անձանց, ում ստորագրություններով տրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք առաջացրել են էկոհամակարգային հավասարակշռության խախտում և ջրային ռեսուրսի գերնորմատիվային սպառում»: Բնապահպանական այլ խնդիրներ Թե մինչև ե՞րբ է հասարակությունը վնաս կրելու բնապահպանական վնասից, Լևոն Գալստյանը կարծում է, որ այս խնդրի կարգավորման համար որևէ մեկը դեռևս լրջորեն չի անդրադառնում:    «Բնապահպանական ոլորտում հեղափոխություն չի եղել»: Նրա համոզմամբ՝ իշխանափոխությունից հետո բնապահպանական ոլորտի վերաբերյալ եղել են միայն բանավոր խոսքեր: Թե ո՞ր ոլորտներին պետք է  կառավարությունը ուշադրություն դարձնի, Լևոն Գալստյանը ընդգծեց. «Հանքարդյունաբերության ոլորտը, բացի բնապահպանական խնդիրներից նաև առաջացնում է  սոցիալ-տնտեսական խնդիրներ, որի լուծման համար պետք է լուրջ մոտեցում և քաղաքական կամք: Բայց մենք տեսանք, որ այն պաշտոնյան, որն ուներ այդ կամքը, այսօր ինքը կառավարությունում չէ, խոսքը  Բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի մասին է»: Լևոն Գալստյանը վստահ է՝ Արթուր Գրիգորյանը աշխատել է թափանցիկ: Նրան աշխատանքից հանելու պատճառը Գալստյանը կապում է այնպիսի ոլորտների խախտումների բացահայտման հետ, որոնք  ոչ միայն կառավարությունը չէր ցանկանա բացահայտվեր,  այլև միջազգային ֆինանսական կազմակերպությունները»: