Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ամերիկյան փորձը

Պաշտոնական
00000000000-1

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը և Արտակ Ասատրյանն այսօր ընդունել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության քրեական արդարադատության շուրջ գործակցության և գործընկերության ծրագրին մասնակցած խմբի անդամներին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Հանրային պաշտպանի գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներից կազմված խմբի անդամները փոխնախարարներին  ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ոլորտում Միացյալ նահանգներում առկա փորձը: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ պատրաստակամ են համագործակցելու և փորձի փոխանակման շրջանակներում խմբի անդամների ստացած գործնական գիտելիքներն ի նպաստ ծառայեցնելու այլընտրանքային խափանման միջոցների կիրառման մեխանիզմները Հայաստանում առավել կատարելագործելուն: Ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների համատեքստում փոխնախարար Քրմոյանը խմբի անդամներին ներկայացրել է առաջիկայում Պրոբացիայի էլեկտրոնային ծառայության ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչի արդյունքում կմեկտեղվեն պրոբացիայի շահառուների վերաբերյալ էլեկտրոնային այլ հարթակներում առկա տեղեկությունները: Խմբի անդամները ներկայացրել են ամերիկյան մինչդատական ծառայության գործունեության մեխանիզմները և ունեցած գործիքակազմը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում կիրառվող «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի առավել գործուն և վերահսկելի մեխանիզմների ներդրման, ինչպես նաև տնային կալանքի ինստիտուտի ներդրման հնարավորություններին և մի շարք այլ հարցերին: Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն խմբի անդամների ներկայացրած հայեցակարգային դրույթների ուսումնասիրման արդյունքում առաջարկների առավել գործնական կիրառության շուրջ նոր հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն