«ԵՍ ՈՉ-ՈՔԻ ՉԵՄ ՎԻՐԱՎՈՐԵԼ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրի` «Բանանց» - «Շիրակ» (2:0) հանդիպումը ավելի շատ նշանավորվեց Եղիշե Մելիքյանի հեռացումով: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու «Բանանցի» ավագը 42-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ: Դրվագներից մեկում նա, դժգոհ լինելով այն բանից, որ չհասավ գնդակին, «օդի մեջ» հայհոյեց, որը լսելով` մրցավարը առանց հապաղելու գրպանից հանեց կարմիր քարտը:
«Ա1+»-ի հետ զրույցում Եղիշե Մելիքյանը խիստ անտրամադիր էր եւ զայրացած. «Դժվար է ինչ որ գնահատական տալ, կամ վերլուծել այդ միջադեպը: Ես նոր չեմ եկել ֆուտբոլ եւ կարծում եմ, որ նման իրավիճակներում կարելի է մտնել ֆուտբոլիստի դրության մեջ, մանավանդ ես ոչ-ոքի չեմ վիրավորել: Գումարած դրան ես ազգային հավաքականի ֆուտբոլիստ եմ եւ ազգը սիրող մարդիկ պետք է գիտակցեն, որ 10 օր անց ես հավաքականի կազմում պաշտպանելու եմ Հայաստանի պատիվը: Ֆուտբոլը տղամարդու խաղ է եւ չեմ ուզում այս ամենում փնտրել ճիշտը կամ սխալը»:
2-րդ կեսին Մելիքյանը իր խաղընկերների գործողություններին հետեւում էր արդեն տրիբունաներից. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղընկերներին, որոնք 2-րդ գոլը նվիրեցին ինձ եւ ամեն ինչ արեցին, որ ես գիշերը հանգիստ քնեմ»:
Խոսելով կոնկրետ խաղի մասին` Մելիքյանը ասաց. «Մենք ակնհայտորեն գերազանցեցինք «Շիրակին» եւ դրա ականատեսը եղան բոլորը: Չեմ ուզում թերագնահատել մրցակցին, որը հարուստ պատմություն ունի, սակայն այս խաղում մենք ուժեղ էինք: Չգիտեմ եթե վաղը հանդիպենք «Շիրակի» հետ կհաղթենք, թե կպարտվենք, սակայն այս հանդիպմանը գերազանցեցինք»:
«Բանանցը» 5-րդ խաղում հաղթում է իր մրցակիցներին` անառիկ պահելով սեփական դարպասը: Մելիքյանի կարծիքով` դա պայմանավորված է նոր գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի աշխատանքով. «Մարզիչն է «մեղավոր» այս հաջողություններում: Մենք ունեցել ենք մարզչի խնդիր: Եթե նայենք, մի փոքր ետ, ապա կտեսնենք, որ նախկինում էլ մենք հանդես էին գալիս այս կազմով եւ նոր ֆուտբոլիստներ մենք չենք ունեցել: Չեմ ուզում ինչ-որ բացասական բան ասել նախորդ մարզչի հասցեին, որը շատ լավ մարդ էր, սակայն նոր մարզիչը իր որակներով գերազանցում է նրան»:
«Բանանցի» ավագը գտնում է, որ թիմի վերջին հաջողությունները չեն կարող երաշխավորել արծաթե մեդալներ Հայաստանի առաջնությունում. «Դեռ վաղը է մտա]ել մեդալների մասին, քանի որ 4-րդ շրջանը նոր է սկսվել: Այն որ մենք վերելքի մեջ ենք, դա փաստ է, սակայն սա ֆուտբոլ է եւ շատ բան կարող է փոխվել»:
Վերջում Մելիքյանը անդրադարձավ նաեւ ազգային հավաքականին, որը շուտով ընտրական հանդիպումներ է անցկացնելու արդեն առանց շոտլանդացի Յան Պորտերֆիլդի. «Շատ հզոր թիմ է Սերբիայի հավաքականը, բայց ես զգում եմ, որ մենք չենք պարտվելու, իսկ հաղթանակը մեջ հաջողություն կլինի, քանի շատ լուրջ հակառակորդ է: Պորտերֆիլդի մահը մեխ կորուստ էր: Նրա օգնականները, որոնք այժմ գլխավորում են հավաքականը, ընտրական նախորդ հանդիպումներում էլ աշխատել են հավաքականում եւ Պորտերֆիլդի ձեռագիրը եւ մտահաղացումները չեն փոխի: Նրանք էլ լուրջ մասնագետներ են, սակայն շատ բան կախված է նաեւ մեզանից»: