ՓԼՈՒԶՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀերթական փլուզումն է գրանցվել Գյումրիի Տերյանի 6 հասցեում գտնվող փայտաշեն շենքում: Ամբողջովին փլուզվել է շենքի մուտքի ծածկը: Փլուզումը եղել է գիշերվա ժամին ուժեղ քամու պատճառով: Տերյանի 6 հասցեում գտնվող շենքի բնակիչները ամբող գիշեր իրարանցման մեջ են եղել: Խորհրդային միության տարիներին հանգստյան տուն, իսկ 1989 թվականից ի վեր 11 ընտանիքի համար որպես բնակատեղի ծառայող շենքի ժամանակ առ ժամանակ փլուզումը բնակիչների համար սովորական բան է դարձել:Շենքի տանիքը պարբերաբար մաս-մաս քանդվում է: Քամիներն էլ իրենց հերթին անխուսափելի են դարձնում փլուզումները :
Բնակիչները նշում են, որ մի օր էլ երկրորդ հարկի հարեւանը իր մահճակալով ու իրերով կհայտնվի առաջին հարկում, քանի որ հատակը տանիքի անընդմեջ կաթոցներից փտել է, քայլելուց էլ սարսափելի ձայներ են գալիս: Շենքը անմխիթար վիճակում է բոլոր տեսանկյուններից. այն չունի նաեւ կոյուղագիծ ու ջրագիծ: Ձմռանը խնդիրներն էլ ավելի են շատանում: Քանի որ շենքի տակը դատարկ է եւ պատերն էլ միմյանցից հեռացած են, շենքում բացի անօթեւան մնացած բնակիչներից ապրում են նաեւ տարբեր կրծող կենդանիներ: >p>Նշենք, որ այս շենքը, ինչպես տեղեկացրեց Գյումրիի քաղաքապետարանի մամլո քարտուղար Լիլիթ Աղեկյանը, քաղաքապետարանի հաշվեկշռում չի գտնվում, քանի որ այն փայտաշեն կառույց է եւ իրենք պատասխանատու չեն: Նա նշեց, որ տարածքը հատկացված է մասնավոր ռուսական կազմակերպությանը, որը մտադիր է այնտեղ կառուցել «Պատվո բլուր» հուշահամալիր:Այնպես որ բնակիչներին մնում է սպասել, թե վերջապես երբ կգա բնակարան ունենալու իրենց հերթը ու իրենք էլ իրենց գլխին կունենան ամուր ծածկ:
Գյումրիի «Ցայգ» հ/ը