Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մարզեր

Իջեւանի պոլիկլինիկայի 28 աշխատողներ նամակով դիմել են ՀՀ նախագահին եւ վարչապետին: Նրանք դժգոհում են, որ սեպտեմբերի 1-ից կիսով չափ կրճատվել է բժիշկների եւ բուժքույրերի աշխատավարձը: Այժմ բուժքույրերը ամսական 12 հազար 500 դրամ աշխատավարձ են ստանում: Բուժաշխատողները տեղեկացնում են, որ ամեն տարի սպասարկելով զինակոչիկներին` միլիոնավոր դրամների կատարողական են ապահովում:

Պաշտպանության նախարարությունը այդ գումարները փոխանցել է Իջեւանի բուժհաստատությանը, սակայն իրենք ոչ մի դրամ չեն ստացել: Նրանք տարակուսում են, թե ինչպես կարող է հարյուրավոր միլիոն դրամ բյուջե ունեցող բուժհաստատությունը իր աշխատողներին նորմալ աշխատավարձ չտա եւ խնդրում են համապատասխան մասնագետներ ուղարկել Իջեւան` բուժհիմնարկի վերջին 5 տարվա ֆինանսական գործունեությունը ստուգելու:

Բուժաշխատողները նաեւ բողոքում են , որ օպտիմալացման հետեւանքով թերապեւտներին (ընտանեկան բժիշկներին) տեղափոխել են Իջեւանի Մոր եւ մանկական կենտրոնի նախկին ավտոտնակները, որտեղ նախկինում անասուններ են պահել, իսկ պոլիկլինիկայի մնացած անձնակազմը (նեղ մասնագետներ) նոյեմբերից տեղափոխվում են Իջեւանի հիվանդանոցի շենք: Սա արվում է քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկայի տիպային եռահարկ շենքն ազատելու եւ այն սեփականաշնորհելու համար:

Ի դեպ, պոլիկլինիկային կից ավտոտնակները շատ էժան գնով արդեն սեփականաշնորհել է Իջեւանի բուժհաստատության տնօրեն, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր Հրաչ Ներսիսյանը:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ