Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

16-Ը ՏՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ

Մարզեր


Վանաձորում ապրում է ոչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շուրջ 900 ընտանիք, որոնցից 16-ը մոտ ապագայում կազատվեն ժամանակավոր տնակներից եւ կտեղափոխվեն լուսավոր ու հարմարավետ քոթեջներ՝ շնորհիվ ամերիկահայ բարերար Սթիվ Լազարյանի նախաձեռնությամբ` «Արդա» բարեգործական կազմակերպության, Վանաձորի քաղաքապետարանի եւ «Հայկակական Հաբիթաթ» ԲՀԿ միջեւ կնքված եռակողմ պայմանագրի:

Վանաձորի Տարոն 3 թաղամասում վերջիններիս համար նախատեսված քոթեջների շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները:

Դեռ գարնանը սկսված աշխատանքները դադարեցվել էին՝ պետական փորձաքննության անցկացման հետ կապված: Ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ պենոպլաստե սեյսմակայուն եւ ջերմակայուն քոթեջները, շինարարական աշխատանքների ղեկավար Սուրեն Առուստամյանի խոսքերով՝ ամրությամբ ու հարմարավետությամբ ոչնչով չեն զիջելու քարաշեն շինություններին:

ՎՔ Ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանի խոսքերով` եռակողմ պայամանագրով ոչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Վանաձորում կկառուցվեն շուրջ 100 քոթեջներ:

Անհրաժեշտ ներդրումների 50%-ը ստանձնել է «Արդա» բարեգործական կազմակերպությունը, 15%-ը` «Հայկակական Հաբիթաթ» ԲՀԿ եւ 35%-ը` Վանաձորի քաղաքապետարանը:

Համայնքը կատարել է հողահատկացումը եւ պարտավորվել իրականացնել արտաքին կոմունիկացիաների աշխատանքները: Քոթեջները այս տարվա ընթացքում շահագործման հանձնելուն, սակայն, խոչընդոտում են էլեկտրա եւ գազամատակարարման աշխատանքների ձգձգումը: