Շուկան փոխվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Արագած փողոցի եւ Հաղթանակի պողոտայի հատման տեղում այսօր այլեւս փողոցային առեւտուր չէր իրականացվում:
Այսօր առավոտյան իրավապահներն մանրածախ առեւտրականներին արգելել են վաճառք կազմակերպել եւ նրանց ուղեկցել են ծածկած շուկայի տարածք:
Մինչեւ հունիսի 2-ը Գյումրու Արագած փողոցի եւ Հաղթանակի պողոտայի հատման մասում անհատների կողմից մանրածախ առեւտուր էր իրականացվում: Իսկ այսօր առավոտյան մոտավորապես ժամը 7.30-ի հատվածում իրավապահներն արդեն արգելել են դրա իրականացումը: Կատարվածի վերաբերյալ անցորդների կարծիքները երկակի էին: Նրանք մի կողմից դրական էին համարում այն, որ ի վերջո փողոցը մաքուր կպահվի, մյուս կողմից էլ գտնում են, որ շատերի համար փակվեց եկամտի միակ աղբյուրը:
Սակայն մենք տեղեկացանք, որ առեւտրականներին հնարավորություն է տրվել աշխատել շուկայում: Իսկ նրանք գոհ չեն այստեղի անցուդարձից: Նշում են, որ ժողովուրդը սովոր է Հաղթանակի պողոտայում առեւտուր անել : Մենք այցելեցինք այն շուկան, ուր տեղավորվել են դեռեւս երեկ Արագած փողոցում մանրածախ առեւտուր իրականացնողները: Նրանք դժգոհում էին առեւտրի ծավալներից: Տարբերություն կա նաեւ տեղի վարձավճարների միջեւ: Նոր հատկացված վայրի արժեքն ավելի բարձր է:
Շուկայի տնօրինությունն էլ պնդում է, թե մեկ տեղի համար վարձավճարը կազմում է ընդամենը 100 դրամ, իսկ նորեկներից առայժմ ոչինչ չի գանձվելու, մինչեւ առեւտուրը կարգավորվի: Ասենք, որ այս շուկայում տեղավորվել էին նաեւ նախկին դատարանի մերձակա հատվածում առեւտուր իրականացնողները: Նրանք հավաստում են, որ իրենց հաճախորդները նորից գտել են իրենց: Հիմա չեն դժգոհում առեւտրից:
Իսկ նորեկներն ասում են, թե այստեղ իրենց խանգարում են մեծածախ առեւտուր իրականացնողները, ովքեր վաճառքը բնականաբար ավելի ցածր գնով են իրականացնում: Վերջիններս էլ ասում են, թե ցածր գնով վաճառքն իրականացնում է միայն առավոտյան ժամերին, երբ հենց մեծածախներից տեսականի են վերցնում նաեւ մանրածախները, իսկ օրվա երկրորդ կեսին, հատկապես երեկոյան ժամերին, գները չեն տարբերվում իրարից:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ