Հյուրանոցը' «ուրվական»
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն քսան տարուց ավել է' որպես երկրաշարժի ուրվական Գյումրիի բնակիչներին շարունակում է ուղեկցել նախկին «Շիրակ» հյուրանոցի ավերված շենքը:
Տարիների ընթացքում այդ ուրվականը, պարբերաբար ենթարկվելով ինքնափլուզման, խլել է մարդկային կյանքեր: Կառավարության որոշմամբ այն ապամոնտաժվել է մինչեւ չորրորդ հարկը, որից հետո նախատեսվում էր այն տրամադրել Շիրակի մարզպետարանին: Սակայն 2004 թվականից հետո կառավարությունն այլեւս գումար չտրամադրեց նախկին հյուրանոցի վթարավտանգ շենքի ամրացման կամ ապամոնտաժման համար, իսկ ինքնափլուզման վտանգը շարունակում է մեծանալ:
Նախկին Շիրակի հյուրանոցի շենքը մասնագետների կարծիքով' երկրաշարժից անմիջապես հետո հնարավոր էր վերականգնել: Տարիների ընթացքում մատնվելով անուշադրության՝ բնակիչների համար այն դարձավ ամրանների հարուստ հանք:
Շենքի կայունության կորուստը նախ իրենց մաշկի վրա զգացին ՙամրանորսները՚: Առաջին զոհը գրանցվեց 2001 թվականի ապրիլի մեկին: Սակայն այս եւ հաջորդող դժբախտ դեպքերը չսթափեցրին ոչ քաղաքի բնակչությանը, ոչ էլ իշխանություններին: Հետագա դժբախտ պատահարներից խուսափելու համար կառավարությունն ի վերջո գումար հատկացրեց շենքի ապամոնտաժման համար: Թեեւ ծրագրի համաձայն այն ավարտվելու էր 90 օրում, սակայն ձգձգվեց երեք տարի:
Ապամոնտաժումից հետո ծրագիր կար նախկին հյուրանոցի շենքում տեղակայել Շիրակի մարզպետարանը: Սակայն այսօրվա դրությամբ մարզպետարանում շենքի վերաբերյալ ոչ մի ծրագիր չկա: Մարզպետարանը դեռեւս գումարներ չունի շենքի ամրացման համար:
Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը նշում է, որ շենքն ապամոնտաժելու եւ տարածքից շինարարական աղբը հեռացնելու համար կպահանջվի 30 - 40 միլիոն դրամ: Այժմ այս շենքի հետ կապված ծրագիր չկա, եւ այն կհանձնվի ցանկացած անհատի, ով կկամենա այստեղ շինարարական աշխատանքեր իրականացնել:
Մինչ կգտնվի ներդրողը, երբեմնի հյուրանոցի ամուր շենքը շարունակում է կորցնել իր կայունությունը՝ ենթարկվելով ժամանակի կործանիչ ազդեցությանը:
Շենքը հիմնովին ապամոնտաժելու դեպքում հնարավոր կլինի կրող կոնստրուկցիան օգտագործել՝ նոր շենք կառուցելու համար: Իսկ այս պահին սեյսմաբանները դժվարանում են ասել, թե այս վիճակում շենքը որքան կդիմանա: Թեեւ հիմքն ամուր է, սակայն գրունտում կատարվող սեյսմիկ երեւույթներն անկանխատեսելի ազդեցություններ կարող են ունենալ շենքի ամրության վրա:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ