Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի փաստաբաններն արձագանքեցին Գլխավոր դատախազին

Պաշտոնական

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն արձագանքեց Գկխավոր դատախազին՝   ներկայացնելով « Յոթի գործով» դատական ակտից մի հատված, թե ինչի հիման վրա են դատախազները 2009թ․ մարտի 31-ի որոշմամբ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից հրաժարվել։

«․..-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ, մինչդեռ, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009թ․ մարտի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ըստ էության սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ամբաստանյալ ․․․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»,- նշվում է որոշման մեջ:

Օրեր առաջ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն հայտարարել էր՝   եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական  հետապնդումը չդադարեցվի,  ինչպես  եղել է  «Յոթի գործով, ապա այդ գործը պետք է վերաբացվի։ 

Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  դիմեց փաստաբաններին մատնանշել դատախազության նախկին որոշումը, որով քրեական հետապնդումը դադարեցվել է պատասխանատվությունը խստացնող դրույթի փոփոխությամբ։